.jpg)
Սեռական ֆունկցիան կարգավորող դեղերը`մեծահասակների հանկարծամահության պատճառ
Հայաստանում ավելի քան 20 օր է` գործում է սեռական բնույթի տարբեր խաղալիքներ և քսուկներ առաջարկող կայք:
Կայքի տնօրեն Արսեն Մեսրոպյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ այդ բոլոր քսուկները Հայաստան են ներմուծվում արտերկրից, սակայն չէր նշել, թե որ մարմինն է թույալտրում նման քսուկներ ներկրել:
«Եթե մաքսայինը թողնում է, որ ապրանքը մտնի Հայաստան, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- ասել էր նա:
Կայքի կողմից առաջարկվող քսուկները խոստանում են երկրատև հաճույք պատճառել, կա նաև քսուկ, որը, ըստ կայքի, «օգտագործվում է բժիշկների կողմից և հայտնի դեղագործական բրենդ է»:
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայություն ներկրվող դեղերը անցնում են փորձաքննություն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում:
Կայքի առաջարկած արտադրանքը, ինչպես նաև՝ նշյալ դեղամիջոցի ներկրմանը ՀՀ փորձագիտական կենտրոնում տեղյակ չէին, սակայն փորձագիտական կենտրոնի տեսչության պետ Մկրտիչ Շաքարյանի խոսքով` իրենք այդ փորձաքննությունը իրականացնել չեն կարող սեփական նախաձեռնությամբ, քանի որ տեսչական ֆունկցիա չունեն:
Փորձագիտական կենտրոնի տեսչության պետ Մկրտիչ Շաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օրենքով հստակ սահմանված է` ինչ ասել է դեղամիջոցը, իսկ կոսմետիկ միջոցների և սննդային հավելումների փորձաքննությունը, որոնց թվում կան նման ֆունկցիա ունեցող միջոցներ, օրենքով դուրս է եկել իրենց լիազորությունների շրջանակից:
«Դեղը կենսաբանական ակտիվությամբ օժտված կշռաչափված միջոց է, որը ստացվել է մեկ կամ մի քանի դեղանյութերի և օժանդակ նյութերի հիման վրա, ունի ստանդարտ բաղադրություն, անփոփոխ անվանում, անհրաժեշտ դեղաչափ, դեղաձև և ձևավորում: Պետք է տարանջատել մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիան փոխելու նշանակություն ունեցող դեղամիջոցները նման հատկությամբ օժտված տարբեր կոսմետիկ միջոցներից և սննդային հավելումներից:
Մենք ստուգում ենք, որ դեղի մակնշումը և պարունակությունը անվտանգ լինի, սա ներառում է նաև դեղերի ոչ արդյունավետ լինելը, քանի որ դա ևս կարող է վնասել մարդու առողջությանը: Աշխարհում կան նման արտադրանքներ, որոնք կոչվում են բժշակական պարագաներ կամ սննդային հավելումներ, որոնք բույսերից, բնական ճանապարհով ստացված խիտ նյութեր են, որոնք ունեն կազդուրող, երբեմն նաև տղամարդու սեռական ֆունկցիան կարգավորող ազդեցություն: Դրանք արտադրվում են թե' հայկական ընկերությունների կողմից, թե' ներկրվում արտերկրից»,- ասաց նա:
2001-2012 թթ. ընթացքում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից հայկական շուկայում հայտնաբերվել է նման 10 կեղծ դեղամիջոց, որոնք նախատեսված են եղել տղամարդու սեռական առողջության համար:
Հարցին` իսկ կա՞ն սահմանափակումներ որևէ երկրից նման դեղամիջոցի ներկրման համար, նա նշեց, որ իրենք նման դեղամիջոցներ ներկրում են աշխարհի բոլոր երկրներից, իսկ հայկական ընկերությունները ևս արտադրում են նման դեղեր, սակայն իրենք դրանք վերահսկելու գործառույթ չունեն:
«Դեղի անվտանգությունը կախված է դեղաչափից, եթե այն 10 % չափաբաժնով բուժում է, 20 % չափաբաժնով կարող է վնասել, 30 %-ով` էլ չասած»,- ասաց նա:
Կենտրոնի ԶԼՄ-ների հետ կապերի գծով օգնական Ռուսլանա Գևորգյանի խոսքով` նման դեղերի չարաշահումը խնդիր է հատկապես մեծահասակների համար, քանի որ նրանք են հաճախ նման դեղեր օգտագործում:
«Մեծահասակները ամենաշատը նման դեղերի կարիք ունեն, սակայն շատ ժամանակ նրանք չարաշահում են դրանք, ինչը դառնում է հանկարծամահության պատճառ: Մեծահասակները սուր ինֆարկտից երբեք չեն մահանում, հիմնականում դրա պատճառը նման դեղերի չարաշահումն է, սակայն մահվան փորձաքննությունը դա չի ցույց տալիս, հաճախ դրանում խորամուխ չեն էլ լինում»,- ասաց նա:
Ռ. Գևորգյանի խոսքով` իրենք համապատասխան օրենսդրական առաջարկություններ են մշակել և ներկայացրել կառավարությանը, սակայն պատասխան դեռևս չկա:
«Մենք առաջարկել ենք դեղերի մասին օրենքում փոփոխություններ մտցնել, ներառել սննդային հավելումների և նման քսուկների պարտադիր փորձաքննության իրականացումը, քանի որ այն այժմ մեր իրավասությունից դուրս է, և դրանք առանց համապատասխան թույլատվության կարող են վաճառվել, բացի այդ, մարդիկ կարող են նման դեղեր պատվիրել և ստանալ նաև ուղղակի փոստի միջոցով»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Հայաստանում օնլայն sex shop է բացվել. Կուսաթաղանթի պատվեր չեն ընդունում