.jpg)
Ադրբեջանն անվերադարձ վատնում է իր ճանապարհաշինական բյուջեն
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շարունակում է խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար: Ըստ «Թուրան» վերլուծական ծառայության՝ այս թեմայով քննարկումները գնալով շատանում են, մինչդեռ ծրագրի մասին նոր և բովանդակային տեղեկատվության պակասն ակնհայտ է դառնում: Ավելին, ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, իսկ դժվարությունները դեռ շարունակվում են:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները ներառում են երեք մասնակից երկրների տրանսպորտի նախարարների հունիսյան հանդիպումները՝ նախ Թբիլիսիում, այնուհետև՝ Կարսում: Առիթից օգտվելով՝ ադրբեջանական կողմը չի զլացել ու ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանը երկաթգծից օգտվել չի կարողանա: Մինչ Ադրբեջանը կրկնում է այդ նույն դիրքորոշումը, ծրագրին մասնակցող մյուս երկու երկրները մշակում են իրենց սեփական ծրագրերը: Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենի հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը հնարավորինս կնպաստի երկաթգծի կառուցման արագացմանը, որպեսզի այն օգագործվի նաև Աֆղանստանից զորքերի և սպառազինության դուրս բերման համար:
Միևնույն ժամանակ, Թուրքիան առաջարկել էր բացել Հարավային Կովկասի հաղորդակցման բոլոր ուղիները, այդ թվում նաև Բաքու-Նախիջևան-Գյումրի-Կարս ճանապարհը: Ադրբեջանական կողմը դա, իհարկե, անհնարին էր համարել՝ պատճառաբանելով, որ այդ ճանապարհի վերականգման համար պահանջվող հսկայական ֆինանսները անարդյունավետ կլինեն: Թուրան վերլուծական ծառայությունը նման խոսակցությունները համարում է քաղաքակության մեջ տնտեսական թեմաների արծածման փորձ:
Ընդհանուր առմամբ, այս երկաթգիծը Ադրբեջանի միակ գլխացավանքը չէ: Վերջին շրջանում այս երկիրը ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգման համար հսկայական գումարներ է հատկացնում, որոնք, սակայն, կամ շահույթ չեն բերում, կամ էլ դառնում են երկրում տիրող կոռուպցիայի զոհ: Այս հարցում, Ադրբեջանը փորձում է կրկնօրինակել Ռուսաստանի ճանապարհաշինության քաղաքականությունը, որն իրականացվում է պետական և մասնավոր սեկտորներ համագործակցության արդյունքում: Ըստ Թուրանի՝ միայն Ադրբեջանում է, որ մաքսիմալ ներդրումը բերում է նվազագույն շահույթի: Կատարվում են այնպիսի ֆինանսական հատկացումներ, որոնք հանրության համար այդպես էլ անհասկանալի են մնում: