Ադրբեջանի համար այսօր ավելի դժվար է հիմարեցնել հանրությանը, քան 5 տարի առաջ
11/07/2013 18:50

Ադրբեջանի համար այսօր ավելի դժվար է հիմարեցնել հանրությանը, քան 5 տարի առաջ

«Մեկ ամսում մենք ունեցել ենք միայն սկանդալային իրավիճակներ, հատկապես այն երկրներից, որտեղ լոբբինգ են անում Ադրբեջանի օգտին: Լավատես չեմ ու չեմ կարծում, թե մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ կարող ենք ունենալ որևէ լուրջ փոփոխություն»,- այս մասին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության անցկացրած «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» քննարկման ժամանակ ասաց հակամարտությունների հետազոտող Քրիստիան Կոլտերը, ով հիմա բնակվում է Ստեփանակերտում:

«Տարածաշրջանում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, ինչը սպառիչ է հատկապես Հայաստանի համար: Միաժամանակ ձգձգվում է օդանավակայանի բացման հարցը, ինտենսիովերն աճում է Ադրբեջանի քարոզչությունը Եվրոպայում, և ես Ադրբեջանի կոմից շատ ավելի խոշոր քայլերի եմ սպասում հատկապես այն դեպքում, որ չգիտենք, թե աշնանը ով կգա այս երկրում իշխանության»,- ասաց նա:

Քրիստիան Կոլտերը հատկապես ընդգծեց, որ Ադրբեջանը, անընդհատ խոսելով իր փախստականների մասին, որևէ տեղ չի նշում նաև հայ փախստականների մասին, դա արդեն իսկ, նրա խոսքով, խաթարում է որևէ բանակցություն:

Իր հերթին քննարկմանը մասնակից Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այսօր սպառանլիքներն ավելի շատ են, քան` բանակցային գործընթացը: «Ընդ որում Ադրբեջանն այսօր սպառնում է ոչ միայն ԼՂՀ-ին, այլև` ՀՀ-ին, ամբողջ տարածաշրջանին` ՌԴ-ին և անգամ արևմուտքին: Ադրբեջանն իր պետական գումարների կարևորագույն մասը ծախսում է կա’մ զենքի, կա՛մ լոբբինգի վրա»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Ամփոփելով գործընկերների ելույթները` միջոցառման կազմակերպիչ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Մայքլ Քամբեքը նշեց, որ ադրբեջանցիների մոտ միայն մի մարտավարություն է նկատել:

«Ամեն բան պարզ է այնտեղ. Նրանք նստում են իրենց երկրում ու ասում` մենք ադրբեջանցիներ ենք ու պիտի սպասենք, թե երբ Հայաստանում արտագաղթն ավելի կաճի, տնտեսությունն ավելի կքայքայվի և մենք կհաղթենք, բայց նրանք հաշվի չեն առնում, որ այսօր Ադրբեջան պետության համար ավելի դժվար է հիմարեցնել հանրությանը, քան, ասենք, 5 տարի առաջ, երբ Ադրբեջանին դեռ չէին ճանաչում Ռամիլ Սաֆարովով կամ Եվրատեսիլով»,- ասաց Մ. Քամբեքը:

Նշենք, որ Քամբեքի խմագրմամբ վերջերս լույս է տեսել «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» գիրքը, որում իրենց հոդվածներն ունեն մի շարք մասնագետներ, այդ թվում՝ Ռիչարդ Կիրակոսյանը:
 

Ադրբեջանի համար այսօր ավելի դժվար է հիմարեցնել հանրությանը, քան 5 տարի առաջ