Մայքլ Քամբեք. Պետք է էմբարգո սահմանել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա
11/07/2013 19:19

Մայքլ Քամբեք. Պետք է էմբարգո սահմանել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա

«1 մլրդ դոլարի զենք ու զինտեխնիկա վաճառելով Ադրբեջանին` ՌԴ-ն պարզապես օգտվեց տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունից»:

ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքը այդպես բնորոշեց Տարածաշրջան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրկորսյանը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության անցկացրած «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» քննարկման ժամանակ:

«Մենք չհայտարարված պատերազմի փուլում ենք, ու զենք վաճառելով` պետությունները պարզապես օգտվում են այդ իրավիճակից: Ադրբեջանը բյուջեի զգալի մասը ծախսում է զենք գնելու վրա` միաժամանակ Հայաստանը շարունակում է պրոֆեսիոնալ քաղաքականություն վարել ու շեշտը դնում է որակի և ոչ քանակի վրա: Բայց չեմ կարող չնշել նաև, որ Ադրբեջանի կողմից զենքի նման ծավալների գնումը կարող է ստվերել անգամ Հայաստանի ռազմավարական հաջող քաղաքականությունը»,- ասաց Ռ. Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ քանի դեռ Ադրբեջանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, Հայաստանը տարածաշրջանային անվտանգության սպառողից վերածվում է այդ անվտանգության գլխավոր երաշխավորողներից մեկին:

«Հայաստանի բոլոր հարևանները այսօր սպառնալիք են իրենց հարևանների համար, բացի Հայաստանից: Հայաստանը տարածաշրջանային անվտանգության երաշխավոր է»,- ասաց Ռ. Կիրակոսյանը:

Քննարկմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը բանախոսից հետարքրվեց, ինչո՞ւ այս բոլոր սպառնալքիների գիտակցումից հետո աշխարհը, այնուամենայնիվ, շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, արդյոք հնարավո՞ր չէ պարզապես էմբարգո սահմանել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը լիովին համաձայնեց Հ. Խուրշուդյանի կարծիքի հետ և այս հարցը չափազանց կարևոր որակեց: 

«Սա չափազանց անհրաժեշտ բան է, և տարածաշրջանային այս իրավիճակում էմբարգոն պետք է դառնա անխուսափելի: Պետք է լինեն քաղաքական որոշումներ, որոնք կարգելեն զենքի վաճառքը այս և կոնֆլիկտային իրավիճակում գտնվող այլ երկրներին»,- ասաց Մ. Քամբեքը՝ ավելացնելով, որ աշխարհը մեծ է, և եթե Ադրբեջանին զենք պետք լինի, նա այն գնելու համար տեղեր կգտնի:

Քննարկմանը մասնակից Ռ. Կիրակոսյանն ավելացրեց, որ Ադրբեջանի կողմից սպառազինվելու այս ծավալները մի բանի մասին են վկայում.

«Եթե անգամ Հայաստանը պատերազմի է պատրաստվում, ապա դա անում է պարզապես հաջորդ պատերազմին պատրաստվելով, մինչդեռ Ադրբեջանը սպառազինվում է այնպես, ասես իր վերջին պատերազմին է գնում, և ասեմ, որ այս վերջին պատերազմում ևս Ադրբեջանը պարտվելու է»,- ասաց Ռ. Կիրակոսյանը: 

Մայքլ Քամբեք. Պետք է էմբարգո սահմանել Ադրբեջանին զենքի վաճառքի վրա