.jpg)
Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Վահե Հակոբյանի ներկայացմանը
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Այս մասին հայտնում են նախարարությունից:
ՏԿ նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է Վ. Հակոբյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում: Նա նկատել է, որ Վ. Հակոբյանը նոր մարդ չէ մարզում, որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր` քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն է հայտնել, որ նա իր աշխատանքային փորձով ու գիտելիքներով կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը:
Վ. Տերտերյանը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` համատեղ աշխատանքի և երկար տարիների համագործակցության համար, ինչպես նաև` մինչև նոր մարզպետի նշանակումը մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխմարզպետ Արա Դոլունցին` մարզպետարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար: