.jpg)
Շախմատի փոքրիկ արքան. Ամեն զինվոր, լավ խաղի դեպքում, կարա թագուհի դառնա
Ձի H5, փիղ G5, Ձի E2, Ձի H6 շախ. Արքա` G7…Այս արտահայտություններն, առանց բացառության, ամեն երեկո կարելի է լսել 7-ամյա փոքրիկ շախմատիստ Արսեն Դավթյանի տանը: Ընդ որում, ներս մտնելով` շախմատի տախտակի մոտ դուք միայն մի խաղացող կտեսնեք, Արսենի հորը` Միքայել Դավթյանին, ով իր քայլերն անելուց անմիջապես հետո բարձրաձայն հայտարարում է դրանց մասին ու ի պատասխան լսում մի անկյունում նստած Արսենի քայլն ու Արսենի փոխարեն տեղափոխում ֆիգուրը:
Արսենն ու հայրն այսպես ամեն երեկո «կույր» շախմատ են խաղում:
Երբեմն խաղի կեսից մոտ 10 րոպեով լռություն է հաստատվում: Պայքարը բարդ է` Արսենն էլ, հայրն էլ, լավ են շախմատ խաղում: Միքայել Դավթյանը նույնպես սիրողական, բայց բավականին երկար ժամանակ՝ շախմատ է խաղում: Թաղամասում քչերն են կարողանում հաղթել նրան:

Փոխարենը ամեն անգամ «կույր» պարտիայի ընթացքում 7-ամյա որդուց լսելով «քեզ շախ, պա'պ» արտահայտությունը Միքայել Դավթյանը ուրախանում է ու ժպտացող աչքերով նայում որդուն:
«2.5 տարեկան էր Արսենը, երբ սկսեց շախմատը շարել: Հիշում եմ, բակում թաղամասի տղաներով նստած էինք, եկավ արագ-արագ շարեց ու բոլորը զարմացած մնացին: Այդ տարիքից մի քիչ-մի քիչ խաղում էի հետը, հետո մի տեսակ դադար տվեցինք»,- պատմում է Միքայել Դավթյանն ու միաժամանակ շարում սեղանին մշտապես դրված շախմատը:

«Հետո հինգ տարեկան դարձավ: Ընկերներիցս մեկն ասաց, որ շախմատի խմբակ է բացում ու Արսենին էլ կանչեց: Այդպես էլ սկսեց «պրոֆեսիոնալ» շախմատ սովորել, մրցաշարերերի մասնակցել: Արսենի առանձնահատկություններից մեկն այն է, որ ինքը գրավոր շախմատ էլ է շատ լավ խաղում: Այսինքն, գրավոր իր քայլերը թղթի վրա գրում է ու պարտիաներ ստանում»,- պատմում է Արսենի հայրն ու ցույց տալիս 7 տարեկան տղայի՝ գրավոր պարտիաներով բազմաթիվ տետրերը:

Ի դեպ գրելու մասին: Գրել-կարդալ Արսենը սովորել է ինքնուրույն.
«Չհասցրեցինք էլ պահը որսալ: Իր համար մի թերթիկի վրա տառերը գրել էինք: Ինքն էլ վերցնում էր մի քանի գիրք ու ժամերով համադրելով մեր տառերի հետ՝ սովորում էր կարդալ: Գրել էլ նույն սկզբունքով է սովորել, նայում, նմանեցնում, նկարում էր տառերն ու արդյունքում սովորեց ամբողջ այբուբենը»,- պատմում է Արսենի հայրն ու ավելացնում, որ այսօր 7-ամյա տղան արդեն հասցրել է ուսումնասիրել իրենց տան գրքային «խահանոցն» ու մի բան էլ ավելին.
«Հեքիաթի գիրք չկա, որ կարդացած չլինի: Ընդ որում, հենց մի անգամ կարդում է` հիշում է անգիր ու սկսում է ամբողջ օրը մեզ կամ իր փոքր եղբորը պատմել: Արդեն ստիպված պահում ենք գրքերը, որովհետև վախենում ենք, որ այդքան շատ կարդալը կարող է վնաս լինել աչքերի համար»,- պատմում է Միքայել Դավթյանը:

Սեղանին` շախմատի կողքին, նկատում եմ մի գիրք.
-Ի՞նչ գիրք է, Արսե՛ն,- հարցնում եմ 7-ամյա շախմատիստին:
-Կասպարովի, Կասպարովի պարտիաների մասին ա,- պատասխանում է:
-Արսեն, իսկ սիրած շախմատիստ ունե՞ս:
-Պապ, հիմա գրոսմայստեր ասե՞մ,- ծիծաղելով հորն է դիմում Արսենը,- հա, Տալին եմ սիրում ու Արոնյանին,- պատասխանում է ու ձեռքում պտտում «Լինկոլն» մակնիշի ավտոմեքենայի փոքրիկ մոդելը:
Մեքենաները Արսենի երկրորդ սիրելի իրերն են` շախմատի տախտակից հետո:
«Փոքր տարիքից բազմաթիվ ամսագրեր էր նայում-ուսումնասիրում մեքենաների: Հետո փոքրիկ մոդելներ ունեինք, սկսեց քանդել-հավաքել: Հիմա ամենաբարդ 20 մոդելն էլ, որ մասերի բաժանենք, խառնենք իրար, ինքը հստակ կգտնի, որ մեկը, որ մակնիշի անիվն է ու որի ղեկը: Մի ղեկից անգամ կարող է հասկանալ, թե մեքենան որ մոդելի է»,- պատմում է Միքայել Դավթյանն ու ավելացնում, որ շախմատը թեև մեքենաներից մի փոքր շեղել է Արսենին, սակայն նրա «մեքենայասիրության» գործն ակտիվորեն շարունակում է փոքր եղբայրը, ով ոչ պակաս է գլուխ հանում մակնիշներից:
Չնայած փոքր տարիքին՝ Արսենն արդեն հասցրել է մասնակցել մի շարք կարևոր մրցաշարերի: Ընդ որում, ոչ միայն մասնակցել…
Օրեր առաջ տղան դարձավ իր տարիքային խմբում Եվրոպայի շախմատի գավաթի հաղթող: Մրցաշարն անցկացվում էր Վրաստանի Ուռեկի քաղաքում և Արսենը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ ցույց տալով գրեթե 100 տոկոսանոց արդյունք:

Բացի այդ, Արսեն Դավթյանը իրավունք է ստացել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել իր տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում, որը կայանալու է այս տարվա սեպտեմբերին` Չեռնոգորյեում.
«Այդպես հատուկ չի պատրաստվում: Հիմա դասերով է զբաղված, բացի այդ երաժշտական դպրոցում էլ քննությունների շրջան է»,- ասում է Միքայել Դավթյանն ու ինձ համար բացահայտում, որ շախմատիստը նաև նվագում է:
«Հա, մոտը սոլֆեդջիոն է շատ լավ ստացվում, երբ որ նվագում են ու պետք է գուշակել նոտաները գրել: Մի օր երաժշտականի ուսուցիչն այնքան է ոգևորվում Արսենի լավ թելադրությունով, որ միանգամից 3 հատ 10 է դնում»,- զրույցին միջամտում է տղայի մայրը` տիկին Ալինան ու ցույց տալիս նոտաների տետրում ուսուցչի ոգևորված ձեռագրով գրված երեք մեծ տասերը:
-Արսեն, կնվագե՞ս լսեմ,- հարցնում եմ:
-Հմ.. հա, ի՞նչ նվագեմ, մի էջանո՞ց: Լավ, Բախ «Маленькая фантазия»,- ասում է ու շախմատի տախտակի դիմաց նստելու վստահությամբ՝ տեղավորվում դաշնամուրի առջև:
-Արսեն, իսկ հատուկ սիրած ֆիգուր ունե՞ս շախմատում: Ասենք՝ թագուհին կամ թագավո՞րը,- հարցնում եմ արդեն զրույցի վերջում:
-Չէ, հատուկ ոչ մի ֆիգուր կամ էլ… զինվորը:
-Ինչու հենց զինվո՞րը, օրինակ ես թագուհին կասեի,- շարունակում եմ հարցս:
-Դե որովհետև զինվորը կարևոր ֆիգուր ա, ու ամեն զինվոր, լավ խաղի դեպքում, կարա թագուհի դառնա…
