.jpg)
Անրի Ռենո. Հայաստանը կատարում է ԵՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունները
«Հայաստանը հանձնառություն է ստանձնել Եվրոպայի հետ մերձեցման հետ կապված: Մի քանի տարի առաջ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այս պայմանագրից զատ կա նաև «Արևելյան գործընկերության» ծրագիրը և այժմ Հայաստանում ավարտին են մոտենում ասոցացման համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց՝ նախատեսվում է, որ այս տարի Վիլնյուսում տեղի կունենա այս համաձայնագրի նախաստորագրումը:
«Սա կարևոր ձեռքբերում է և ես իմ շնորհավորանքներ եմ հղում Հայաստանին, որն իր պարտավորությունների կատարման ավարտական փուլում է գտնվում»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա՝ Ֆրանսիան երբեք չի կասկածել, որ Հայաստանն ի զորու կլինի իրականացնել իր ստանձնած պարտավորությունները և Հայաստանը առաջընթաց է գրանցել այս ոլորտում:
«Հայաստանի տնտեսությունը կարդիականացվի, կավելանան առևտրային կապերը Եվրոպայի հետ՝ շնորհիվ այդ համաձայնագրերի: Նախաստորագրումից հետո տեղի կունենան օրենսդրական բարեփոխություններ և այս համաձայնագրերը լիարժեքորեն կիրականացվեն»,-ասաց դեսպանը:
Ա. Ռենոն նշեց, որ Հայաստանի նախագահը և վարչակազմը հավուր պատշաճի լծվել է այս գործընթացի իրականացմանը: