.jpg)
Մխիթարյան. «Բորուսիան» ընտրելիս հետևեցի սրտիս ձայնին»
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի կարգավիճակում հրավիրած մամուլի ասուլիսում խնդրել է իրեն չհամեմատել «Բավարիա» տեղափոխված Մարիո Գետցեի հետ: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը լրագրողներին ողջունել է գերմաներենով:
«Բորուսիան» ընտրելիս հետևեցի սրտիս ձայնին,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ուզում եմ օգնել իմ նոր թիմին: Կաշխատեմ անել ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ այն մարդկանց վստահությունը, ովքեր ինձ հետ հույսեր են կապում: Պետք է ապացուցեմ, որ «Բորուսիան» իզուր չէ ձեռք բերել իմ տրանսֆերը, իզուր չէ ծախսել յուրաքանչյուր ցենտը: Բունդեսլիգայում հանդես գալն ինձ համար շատ հետաքրքիր կլինի, իսկ տնային խաղերում մթնոլորտն ուղղակի հրաշալի է:
Արդյոք կարո՞ղ եմ փոխարինել Գետցեին: Պետք չէ ինձ համեմատել նրա հետ, ես պարզապես ուզում եմ օգնել «Բորուսիային»` հասնելու իր առջև դրված խնդիրների լուծմանը: Հյուրանոցային համարում իմ հարևանը Քևին Գրոսկրոյցն է, նա օգնում է ինձ հարմարվել և արդեն սովորեցրել է մի քանի երգ թիմի մասին»: