.jpg)
Լիբանանի ներքաշումը Սիրիայի հակամարտության մեջ չի բխում հայկական շահերից
Սիրիական հակամարտությունը աստիճանաբար դուրս է գալիս այդ երկրի սահմաններից և սպառնում ապակայունացնել իրավիճակը արաբական այդ երկրի հարևան պետություններում`առաջին հերթին իր էթնիկ և կոնֆեսիոնալ բազմազանությամբ աչքի ընկնող Լիբանանում:
Սիրիայի հարևան Լիբանանը հակամարտության սկզբից ի վեր հարյուր հազարավոր սիրիացի փախստականներ է ընդունել, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել այդ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում:
Սիրիական հակամարտությունում Լիբանանի ներքաշվածության վրա որոշիչ ազդեցություն է ունեցել Լիբանանում գործող իրանամետ, շիական «Հզբոլահ» շարժման մարտիկների մասնակցությունը Սիրիայում տեղի ունեցող պատերազմին:
«Հզբոլահ» շարժումը տարածաշրջանում հանդիսանալով Իրանի և Սիրիայի գործող վարչակազմի դաշնակիցը ներգրավվեց ներսիրիական հակամարտության մեջ` Բաշար Ասադի տապալումը թույլ չտալու համար:
Այդ կազմակերպության ներգրավվածությունը սիրիական ճգնաժամին հանգեցրեց Սիրիայի ազատ բանակի, սիրիական զինված ընդդիմության պատասխան ռեակցիային`Լիբանանի տարածքի ռմբակոծության, ահաբեկչությունների կազմակերման և շիաներին ոչնչացնելու սպառնալիքների տեսքով:
Նշենք, որ 1982 թ.-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդի կողմից ստեղծված «Հզբոլահ» շարժումը բավականին ուժեղ դիրքեր ունի Լիբանանի հարավում, որտեղ կենտրոնացած են այդ կազմակերպության ռազմական ենթակառուցվածքները:
«Հզբոլահը» իր ստեղծման առաջին իսկ օրերից սկսեց սպառնալ Իսրայելի անվտանգությանը և հրթիռակոծել այդ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանները`Հարավային Լիբանանի տարածքից:
Թել-Ավիվը այդ հրետակոծություններին պատասխանեց շիական այդ շարժմանը պատերազմ հայտարարելով, որը տեղի ունեցավ 2006 թ.-ի հուլիսին և կոչվեց Լիբանանյան 2-րդ պատերազմ կամ Հուլիսյան պատերազմ:
Իրանի և Ասադի դաշնակիցը համարվող և աջակցությունը վայելող «Հզբոլահի» ոչնչացումը բխում է նաև Իսրայելի շահերից, քանի որ Թել-Ավիվը ցանկանում է մաքսիմալ դիվիդենտներ քաղել շիա-սուննի հակամարտությունից և «Հզբոլահի» և Սիրիայի ազատ բանակի միջև հակամարտությունից:
Սիրիայում Ասադի տապալումը կարող է հանգեցնել Սիրիական ազատ բանակի ներխուժմանը և հակամարտության տեղափոխությանը իր էթնիկ և կոնֆեսիոնալ բազմազանությամբ աչքի ընկնող Լիբանան, հատկապես նրա հարավային շրջաններ, որտեղ գտնվում են շարժման հենակետերը:
Ասադի տապալումը և հակամարտության տարածումը Լիբանան կարող է շատ դժվարին դրության մեջ դնել «Հզբոլահին», որը միայնակ կմնա Սիրիայի ազատ բանակի և Իսրայելի դեմ:
Իսրայելը իր հյուսիսային տարածքների, որոնք գնդակոծվել են այդ շարժման կողմից, անվտանգությունը լիովին ապահովելու համար կարող է աջակցել Սիրիայի ազատ բանակին` իրանամետ այդ ուժի Իսրայելի սահմանին գտնվող ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար:
«Հզբոլահի» ոչնչացումը կզրկի Իրանին տարածաշրջանային ազդեցության հերթական լծակից, որը Թեհրանը օգտագործում է նաև Իսրայելի վրա ճնշումներ գործադրելու համար:
Սիրիական հակամարտության ներթափանցումը Լիբանան լուրջ սպառնալիք է ներկայանցնում նաև լիբանանահայության համար, որոնք կարող են հայտնվել իսլամիստական տարբեր խմբավորումների բախման կիզակետում:
Ռազմական գործողությունների տեղափոխումը Լիբանան կարող է հանգեցնել լիբանանահության արտագաղթին, որի նախադեպերը եղել են 1975-1990 թթ.-ին Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի տարիներին: Արտագաղթ նկատվում է նաև այսօր, հիմնականում ԵՄ-ի երկրներ և ԱՄՆ-ը:
Լիբանանում ռազմական գործողությունները կարող են լիբանանահայությանը դնել նույն այն դրության մեջ, ինչի մեջ այսօր գտնվում է սիրիահայությունը` արտաղագթ, ֆիզիկական անվտանգության բացակայության և համայնքային ենթակառուցվածքների քայքայում:
Հայկական շահերից չի բխում Լիբանանի ապակայունացումը, քանի որ դա կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքի մեկ այլ հայաշատ երկրում հայության ներկայության և հայկական գործոնի թուլացմանը, ինչը սիրիահայերի արտագաղթի հետ զուգահեռ կարող է զրոյացնել հայության պատմական ներկայությունը այդ կարևորագույն տարածաշրջանում: