.jpg)
Ընտրությունները Պռոշյանում. ՀՀԿ-ն չանցավ՝ երկուշաբթի գործի չգա՛ք
Մի քանի ժամից Պռոշյան համայնքում կավարտվի գյուղապետի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Երկու ինքնաբացարկների արդյունքում ընտրական քվեաթերթիկներում կլինի երեք թեկնածուի անուն՝ ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյան, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արթուր Մուրադյան ու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյան:
«Քարոզարշավը, կարելի է ասել, նորմալ ընթացավ: Մենք փորձեցինք ևս մեկ անգամ հստակեցնել բոլորի համար՝ սա հերթական ընտրություն չէ: Սա ընտրություն է, որին մենք ստիպված ենք գնալ, քանի որ դավադիր կերպով սպանվել է մեր գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Եվ այս պարագան արդեն իսկ պիտի թույլ չտա, որ որևէ տեսակի շահարկում կամ ապօրինություն լինի»,- ասաց Վովա Սահակյանը:
Չնայած սրան, Վովա Սահակյանի խոսքով, արդեն իսկ կան բազմաթիվ խախտումներ. «Ես հայտարարում եմ, որ արդեն իսկ մի շարք մարդկանց կանչում են ուժային կառույցներ, կազմակերպություններ ու ասում են՝ ՀՀԿ-ն չանցավ, երկուշաբթի կարող եք գործի չգալ: Բաժանվում է կաշառք: Բայց մեկ անգամ էլ կոչ եմ անում մարդկանց հիշել՝ վաղվա օրը 10 հազար դրամով չի վաճառվում»,- ասաց Վովա Սահակյանն ու հորդորեց մարդկանց ընտրությունը կատարել խղճի մտոք.
«Մենք մեր գործով ենք ապացուցել մեր խոսքի ճշմարտացիությունը: Վախի մթնոլորտը պիտի հեռու լինի Պռոշյանից: Էլի եմ ասում՝ լինի իշխանություն, թե օլիգարխիկ մեկը՝ ձեռքներդ հեռու Պռոշյանից. մենք թույլ չենք տա այստեղ անել այն, ինչ ամեն տեղ եք անում»,- ավարտեց Վովա Սահակյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանում ընտրություններն անցկացվելու են հուլիսի 14-ին: Վաղը համայնքում լռության օր է:
Նախորդող հրապարակում՝ Արթուր Մուրադյանի շտաբ. Պռոշյանում «պայթյունավտանգ» մթնոլորտ չկա