Գորիսում ծեծկռտուքի մասնակիցները ոստիկանությունում բացատրություն են տվել
13/07/2013 20:31

Գորիսում ծեծկռտուքի մասնակիցները ոստիկանությունում բացատրություն են տվել

Հուլիսի 11-ին, ժամը 01.00-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ կեսի սալջարդ, բազուկների վերին երրորդականի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Գոռ Կ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքները ստացել է իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է հուլիսի 11-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց, 1992 թ. ծնված Հայկ Մ.-ի հետ վիճաբանության ժամանակ:

Գոռ Կ.-ն և Հայկ Մ.-ն հրավիրվել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: 

Հիշեցնենք, որ Aysor.am-ը երեկ գրել էր, ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:

Ոստիկանությունից պարզաբանեցին, որ դեպքի կապակցությամբ Էյներ Խաչատրյանը ևս հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու: Ըստ ոստիկանության` պարզվել է, որ նա որևէ առնչություն չունի ծեծկռտուքի հետ:
 

Գորիսում ծեծկռտուքի մասնակիցները ոստիկանությունում բացատրություն են տվել