.jpg)
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները հանդիպել են
Երեկ Քիշնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնևում Մոլդովայի նախագահի և վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը:
Նախարարները անդրադարձել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար և մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:
Նախարարներ Նալբանդյանը և Գերմանը այցելել են նաև Քիշնևի հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցան Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Մոլդովայի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։
Նախարար Գերմանը իր հերթին բարձր է գնահատել արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող մոլդովահայ համայնքի դերը երկրի կյանքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նախարարներին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները և մտքեր փոխանակել դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։