ԼՂ խնդրի կարգավորման խոչընդոտը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է
15/07/2013 14:58

ԼՂ խնդրի կարգավորման խոչընդոտը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Երկրի ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:

Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր և պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
 

ԼՂ խնդրի կարգավորման խոչընդոտը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է