.jpg)
Freedom House-ը գնահատել է Հայաստանի ժողովրդավարության մակարդակը
Անցումային շրջանի երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ նոր զեկույցում ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է մամուլի ազատության միջավայրի և ընտրական գործընթացների զգալի բարելավում, թեև մեր երկիրը շարունակում է, ըստ զեկույցի, մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքում։
«Անցումային շրջանի երկրները - 2013» զեկույցում խնդիրներ են արձանագրվել գրեթե բոլոր հետազոտվող երկրներում՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում։ Մասնավորապես, բալկանյան հանրապետություններում կոռուպցիան և անձնական կապերի վրա հիմնված փոխհարաբերությունները գործարար շրջանակների և կառավարության միջև բացասաբար են անդրադառնում տենդերների և սեփականաշնորհման հարցերում թափանցիկության վրա, ինչը դարձել է համակարգային խնդիր՝ դատարանների անաչառ գործունեության հետ կապված։ Կազմակերպված հանցավորության և կաշառակերության դեպքերը լուսաբանող լրագրողները, ովքեր բարձրաձայնում են այս խնդիրների մասին, դառնում են քաղաքական հետապնդումների և այլ անօրինական ճնշումների թիրախ։
Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները և գործունեության սահմանափակումները նախորդ տարում շարունակվել կամ նոր թափ են առել Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Կոսովոյում և Հունգարիայում։
Ժողովրդավարության ոլորտում անդունդը մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Վրաստանի և Հայաստանի միջև շարունակել է խորանալ։ Խաղաղ և ավելի ներառական ընտրությունները Հայաստանում և Վրաստանում սուր հակադրության մեջ են մտնում Եվրատեսիլ երգի մրցույթի ժամանակ Ադրբեջանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, ճնշումների և մեծ տուգանքների բազմաթիվ դեպքերի հետ։ Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական մեծ կարողությունների մասին, ինչի արդյունքում կորպորատիվ սեփականության վերաբերյալ օրենքում ընդունված նոր խստացումները սահմանափակեցին կոռուպցիոն դեպքերի մասին տեղեկատվության հայթայթելու լրագրողների հնարավարությունները։ Երբ Հունգարիայի իշխանությունները անակնկալ որոշում կայացրեցին հայազգի բանակային սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ Բուդապեշտում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու մասին, Բաքվի իշխանությունները նրան ընդունեցին հերոսի պես և անմիջապես ազատ արձակեցին այդ դատապարտված մարդասպանին, ինչը կասեցրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի հետ վարվող բանակցությունների ընթացքը։
Մինչդեռ Ռուսաստանում և Ուկրաինայում ընտրական գործընթացները հետընթաց են ապրել, իսկ Ադրբեջանում շարունակվել են բռնաճշնումները քաղաքական այլախոհների նկատմամբ, Հայաստանում և Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունները անցկացվել են նոր օրենսգրքի համաձայն, ինչը ապահովել է այդ շրջանում ԶԼՄ-ների անկաշկանդ աշխատանքը և քարոզչության համար այլ միջոցների ազատ հասանելիությունը։ Չնայած ընտրությունների օրը որոշ խախտումներ արձանագրվել են, ընդհանուր մրցակցության մթնոլորտի արդյունքում ձևավորվել է ավելի ներկայացուցչական օրենսդիր մարմիններ երկու երկրներում էլ։
Հետազոտվող երկրների մեծամասնությունում ժողովրդավարության ինստիտուտների ընդհանուր հետընթացի ֆոնին՝ բարելավումներ արձանագրվել են միայն Հայաստանում, Չեխիայում, Վրաստանում, Լատվիայում, Մոլդովայում և Ղրղզստանում։