.jpg)
SOCAR-ի եկամուտների աննախադեպ աճը, կարծես թե, աննկատ է մնացել
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) 2012 թ.-ի եկամուտների եռակի աճի մասին տեղեկատվությունը կարծես թե աննկատ է մնացել ԶԼՄ-ների համար:
Contact.az-ի փոխանցմամբ՝ SOCAR-ի եկամուտները աճ են արձանագրել նավթի արդյունահանման նվազման և գների կայունության պահպանման ֆոնին:
Այս տարի, ընկերության եկամուտները կազմել են 17.138.832.000 մանաթ: SOCAR-ը չի թաքցնում եկամուտների աճը և հայտարարում, որ իր ֆինանսական հաշվետվության մեջ մտցրել է նաև իր դուստր-ձեռնարկության` SOCAR Trading-ի եկամուտները:
Իր ստեղծման օրվանից այդ կազմակերպությունը փակ էր հասարակության լայն շերտերի համար և աչքի էր ընկնում աշխարհի տարբեր կետերում նավթային նոր շուկաների ագրեսիվ գրավման քաղաքականությամբ:
SOCAR-ի կայքում, սակայն, ոչինչ չէր նշվում այդ կազմակերպության մասին: Դա առիթ էր տվել հայտարարելու, որ ընկերությունը պատկանում է մի խումբ մարդկանց, ովքեր կապ ունեն Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ:
Նախորդ տարի, արտերկրում գտնվող ադրբեջանցի քաղաքական գործիչների` SOCAR-ի շվեյցարական դուստր-ձեռնարկության միջոցով շատ մեծ չափսերի հասնող շորթումների վերաբերյալ մեղադրանքներից հետո, ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը ստիպված էր հայտարարել, որ SOCAR Trading-ը պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը: