Հրաչյա Հարությունյանի եղբայր. Ահաբեկչից վատ են վերաբերում Հրաչին
16/07/2013 16:47

Հրաչյա Հարությունյանի եղբայր. Ահաբեկչից վատ են վերաբերում Հրաչին

«Եթե ինքը երեխայա կորցրել, ո՞նց կարար ուզեր, որ ինչ որ մեկն իրա պատճառով վնասվեր կամ մահանար»,- Երևանում ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի կասկածյալ Հրաչյա Հարությունյանի քույրը` Սեդա Հարությունյանը:

«Հո միտումնավոր չի արել, նա փախուստի չի դեմել, խմած չի եղել: Ցավում եմ, որ նման բան է եղել, երեխա կորցրած մարդը միտումնավոր հո չէր անի»,- ասաց քույրը:

Սեդա Հարությունյանը պատմեց, որ պատերազմի տարիներին եղբայրը մի ամիս կորած է համարվել. «Էս երկրի համար է կռվել, սակայն այսօր, գտնվելով այլ երկրում, նրան ռեցեդիվիստի տեղ են դնում, ի՞նչ ա նշանակում երկրի նախկին զինվորին կանացի խալաթով տանել»:

Հ. Հարությունյանի քույրը պատմեց նաև, որ եղբայրը մահացած որդու վիրահատություններից հետո պարտքեր է ունեցել. «Որդին գնաց բանակ, եկավ, ուժեղ գլխացավեր ուներ, մի ամիս անց պարզվեց գլխի քաղցկեղ ունի ու մահացավ: Հրաչը գնացել էր Ռուսաստան, որ գոնե որդու գերզեմանաքարի հարցը լուծի: Հրաչը կոնտուզիա տարած մարդ ա, որ բանտ նստի դուրս գա, կխանգարվի, նա դեռ տանը երեխա ունի»,- ասաց քույրը` խնդրելով, որ երկրի իշխանությունները միջամտեն:

ՌԴ դեսպանատան դիմաց ցույցին մասնակցում է նաև Հրաչյա Հարությունյանի եղբարը` Հայկ Հարությունյանը, իր հերթին ասաց, որ կազմակերպությունը, որտեղ աշխատում էր եղբայրը, պատկանում է հայի: Նա նաև հայտնեց, որ տեղի ունեցածի մասին հիմնականում համացանցից են տեղեկատվություն ստանում:

Նա նաև ասաց, որ ՌԴ-ում գտնվող իրենց բարեկամներին թույլ չեն տալիս տեսակցել Հ. Հարությունյանին. «Ահաբեկչից վատ են վերաբերում Հրաչին, սստորացնում են նրան, ու չեն թողնում, որ էնտեղ գտնվող բարեկամները հանդիպեն նրան»:

Հիշեցնենք, որ այսօր երկու ամիս ժամկետով կալանավորել են Հրաչյա Հարությունյանին, ով Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի կասկածյալն է:

Հրաչյա Հարությունյանի եղբայր. Ահաբեկչից վատ են վերաբերում Հրաչին