.jpg)
Անքնությունը մեզ ավելի էգոիստ է դարձնում
Քունն օրգանիզմի կարևորագույն վիճակներից է։ Մարդն իր կյանքի մոտ 1/3-ը անց է կացնում քնած վիճակում։ Պարզվել է, որ քունը միատարր երևույթ չէ։ Մարդը քնում է որոշակի շրջափուլերով, որոնք կոչվում են ցիկլեր։ Յուրաքանչյուր ցիկլը բաղկացած է երկու փուլից՝ դանդաղ և արագ քնից, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ընդհանուր առմամբ քնի ընթացքում դրսևորվում է 4-6 ցիկլով։
Հոգեկան ակտիվության ապահովման տեսակետից քունը չափազանց կարևոր գործոն է, քանի որ անքնությունը բերում է այնպիսի հոգեկան հյուծվածության (դյուրագրգռություն, քնկոտություն, սոցիալական և մասնագիտական դեզադապտացիա), որը չի դիտվում անգամ ամենածանր ֆիզիկական լարվածության դեպքում։
Քնի խանգարման հիմնական ախտանիշներն են. քուն մտնելու և արթնանալու խանգարում, քնի զգացողության վատացում կամ կորուստ, քնի տևողության խանգարում, ընդմիջվող քուն, քնի խորության խանգարում, երազներ, լուսնոտություն (սոմնամբուլիզմ), քունարթմնի ռեժիմի խանգարում։
Ամերիկացի գիտանականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քնի խանգարումը ոչ միայն անդրադառնում է ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա, այլև հանգեցնում է ամուր և երջանիկ ընտանիքի քայքայմանը:
Գիտնականները հատուկ հետազոտություն են անցկացրել առնվազն երկու տարվա համատեղ կյանքով ապրած 100 ամուսնական զույգերի շրջանում: Արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի հաճախ սկանդալներ են լինում այն ընտանիքներում, որոնցում ամուսինների կամ նրանցից մեկի մոտ դիտվում է քնի կորուստ կամ վատացում:
«Անքնությունը մեզ ավելի էգոիստ է դարձնում, և մենք սկսում ենք մեր պահանջմունքները ավելի բարձր դասել մեր երկրորդ կեսի պահանջմունքներից»,- ասել է հոգեբան Էմի Գորդոնը:
Իսկ ահա նրանք, ովքեր քնելու հետ կապված խնդիր չունեն, ավելի երջանիկ են և ունեն խաղաղ ընտանեկան մթնոլորտ: Այսպիսով առողջ ու ամուր քունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: