Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից
16/07/2013 20:47

Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից

Բերանի խոռոչը հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա:
S. Mutans և P. Gingivitis կոչվող մանրէները արտադրում են նեխիչ թեթևաշարժ ծծմբային նյութ, որի հետևանքով առաջանում է բերանի տհաճ հոտը:

Հոտն առաջանում է նաև լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ, երբ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ՝ քայքայելով սննդի մնացորդները, արյունը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաև լեզվի հիմքում:

Համընդհանուր սխալ պատկերացում կա, թե տհաճ հոտը գալիս է ստամոքսից: Հոտի առկայության դեպքերի միայն չնչին տոկոսն է ստամոքսային և մարսողական խնդիրների հետևանք, մինչդեռ ճնշող մեծամասնությունը առաջանում է հենց կեղտոտ լեզվի հետևանքով:

Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով նաև լեզվի ողջ մակերեսը:

Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից:

Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար:

Ատամները խոզանակով մաքրելուց բացի, կա բերանի հիգիենայի երկու ձև՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:

Առողջ և թարմ շնչառություն ունենալու համար, առնվազն պետք է օրը երկու անգամ խնամքով և ճիշտ մաքրել բերանի խոռոչն ամբողջությամբ:

Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից