Էլմար Մամեդով. Ի՞նչ դասեր պետք է քաղի Ադրբեջանը Եգիպտոսի հեղաշրջումից
17/07/2013 20:25

Էլմար Մամեդով. Ի՞նչ դասեր պետք է քաղի Ադրբեջանը Եգիպտոսի հեղաշրջումից

Եվրախորհրդարանի Սոցիալիստներ և դեմոկրատներ խմբի քաղաքական խորհրդական Էլմար Մամեդովն Ադրբեջանը համեմատել է հեղաշրջումների կիզակետ դարձած Եգիպտոսի հետ:

Ոմանք կարծում են՝ եգիպտական փորձի ձախողման պատճառը պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսսի քաղաքականությունն էր, ոմանք էլ մեղադրում են կառավարման մեջ ռազմական միջամտությունը: Ամեն դեպքում, Մամեդովը համոզված է, որ Ադրբեջանը և Եգիպտոսը շատ ընդհանրություններ ունեն այս հարցում: Դրանցից մեկն այն է, որ երկու երկրներն էլ կանգնած են ժողովրդավարացման ճանապարհին, իսկ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները կարող են որոշիչ լինել: Երկրում տիրող քաղաքացիական բանավեճերը վկայում են, որ մոտալուր փոփոխություններ իրոք հնարավոր են: Հենց այս պատճառով էլ անհրաժեշտ է նախապես օգտակար դասեր քաղել եգիպտական փորձից: Պատմությունն արդեն ցույց է տվել, որ ինչքան էլ Ալիևի իշխանությունը ուժեղ պաշտպանված լինի, այդ փոփոխությունները կարող են շատ անսպասելիորեն թակել Ադրբեջանի դուռը: Ըստ Էլմար Մամմեդովի՝ նոր կառավարությունը պետք է կատարի հետևյալ քայլերը Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման համար.

Բարեփոխումներ պաշտպանության սեկտորում

Ի տարբերություն Եգիպտոսի, Ադրբեջանում չկա ինքնավար և քաղաքականապես անկախ բանակ, որը կարող է դուրս գալ կառավարության դեմ: Սակայն այս երկրի ոստիկանությունը թափանցիկ և հաշվետու չէ, ավելին, հաճախ նաև քաղաքացիական իրավունքների խախտումներ է թույլ տալիս: Նոր ժողովրդավարական կառավարությունը պետք է կրճատի պաշտպանության ծառայությունների հնարավորությունները: Սա անհրաժեշտ է ոչ միայն վստահություն առաջացնելու, այլ նաև ներսից քայքայումը բացառելու համար:

Երկրի ազգայանականները կարող են սադրել նոր կառավարությանը՝ քաոսային իրավիճակ ստեղծելով, որի արդյունքում մարդիկ ետ կպահանջեն Ալիևի օրոք տիրող օրենքի և կարգի պահպանումը: Ի դեպ, 90-ականներին Հեյդար Ալիևը իշխանության եկավ օգտվելով օրենքը և կարգը պահպանելու Ժողովրդական Ճակատի անկարողությունից:

Հետևաբար, նոր կառավարությունը պետք է զգուշորեն պահպանի հասարակական կարգը, պատժի առավել լուրջ խախտումներ կատարած պաշտոնյաներին և քայլեր ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն:

Ադրբեջանի ընդդիմությունը միավորող Ժողովրդավարական Ուժերի Ազգային Խորհուրդն ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում պատրաստել է քաղաքան բարեփոխումների փաթեթ: Այն ներառում է խորհրդարանական հանրապետության հաստատում, հանրաքվեի միջոցով նոր սահմանադրության ընդունում, նոր խորհրդարանական, նախագահական և մունիցիպալ ընտրությունների կազմակերպում: Այս բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար կառավարությունը պետք է հասնի լայնամասշտաբ կոնսենսուսի, հակառակ դեպքում հեղաշրջում կարող է սկսվել հենց ժողովրդավարացման գործընթացի դեմ:

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուրսսին ակտիվորեն հարաբերություններ էր հաստատում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, սակայն այնտեղ քչերն ափսոսացին իր ձախողման համար: Պատճառը Մահմեդական Եղբայրության հանդեպ ունեցած Արևմուտքի նախապաշարմունքն է: Ադրբեջանի Ազգային Խորհուրդը իսլամականացված չէ, բայց կան այլ խնդիրներ:

Իշխանությունը նրան որպես Կրեմլի խամաճիկ են պատկերում, քանի որ Խորհրդի առաջնորդ և օսկարակիր ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն ապրում է Մոսկվայում:

Եգիպտոսի փորձը ցույց տվեց, որ ինչքան շատ են բարեփոխումները հետաձգվում, այնքան ավելի փոթորկալից են քաղաքական անցումներն իրականացվում: Այդ պատճառով հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են բեկման կետ հանդիսանալ երկրի ապագայի համար: Այն կամ կգնա ժողովրդավարացման ուղիով, կամ ենթակա կլինի ավելի քաոսային փոփոխությունների, որոնք ազդեցություն կունենան նաև ամբողջ տարածաշրջանի վրա: 

Էլմար Մամեդով. Ի՞նչ դասեր պետք է քաղի Ադրբեջանը Եգիպտոսի հեղաշրջումից