.jpg)
Ունիվերսիադայի փակման արարողությունը` այսօր երեկոյան
Ռուսաստանի Կազան քաղաքում այսօր` հուլիսի 17-ին, ավարտվեց համաշխարհային հերթական ունիվերսիադան: Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթները դժգոհելու տեղիք չտվեցին: Հիանալի հանդես եկան սամբիստները: Գովասանքի է արժանի հատկապես Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Նա հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը, նվաճեց ուսանողական խաղերի չեմպիոնի կոչումը և պարգևատրվեց ոսկե մեդալով: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանը (+ 100 կգ) արժանացան բրոնզե պարգևի:
Հաջող մասնակցություն ունեցան և արծաթե պարգև նվաճեցին բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճայիններ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Երրորդ տեղով բավարարվեցին բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյնը (56 կգ) և հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ):
Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 32-րդ տեղը` 10 մեդալ (1 + 5 + 4):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, հարևան երկրներից Ադրբեջանը ճանաչվեց 15-դը (4 + 5 +7), Թուրքիան` 29-րդը (2 + 0 + 5), Իրանը` 33-րդը (1 + 5 + 3), Վրաստանը` 48-րդը (0 + 1 +2):
Փայլուն մրցելույթներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը` 292 (155 + 75 + 62): Մրցանակային հաջորդ երկու տեղերն զբաղեցրին Չինաստանի` 77 (26 + +29 +22) և Ճապոնիայի` 84 (24 + 28 + 32) ներկայացուցիչները:
Կազանի համաշխարհային ուսանողական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր` հուլիսի 17-ին: Սկիզբը` ժամը 22.00-ին :
Հավելենք, որ 2015 թ. ունիվերսիադան կանցկացվի Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում: