18/07/2013 12:29
Արցախի նախագահ. Եթե թշնամին կրկին հարձակվի, ապա կլինի հայրենական պատերազմ
Մեկ տարին կարճ ժամանակահատված է խոշոր ծրագրերի իրականացման համար: Այդ ժամանակահատվածում կարելի է մշակել ռազամավարական նշանակություն ունեցող ծրագրեր և մեկնարկ տալ դրանց, սակայն ավարտին հասցնելու համար պետք է ավելի երկար ժամանակահատված: Չնայած դրան` մենք ունենք մի շարք կարևորագույն ծրագրեր, որոնց իրականացումն սկսվել է մի քանի տարի առաջ: Դրանցից որոշներն արդեն իսկ ավարտված են, մյուսները ընթացքի մեջ են: Վերընտրվելուց գրեթե մեկ տարի անց «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով իր կատարած աշխատանքների և անելիքների մասին, ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Վերջին երկու-երեք տարիներին լուրջ, ինչպես ասել է Բ. Սահակյանը, հաջողություններ են գրանցվել բանակաշինության, հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության, բնակարանաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:
«Միևնույն ժամանակ, դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է լուծում տանք: Այս տարի նախատեսում ենք համայն հայության օգնությամբ իրականացնել ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող մի նախագիծ` Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները: Այս շնչերակը մեծապես կնպաստի ամբողջ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասել է նախագահը:
Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին` Բակո Սահակյանն ասել է, որ օդանավակայանը կբացվի այն ժամանակ, երբ լուծված լինեն դրա հետ կապված բոլոր խնդիրները. «Մենք դեռևս ունենք տեխնիկական և մի շարք այլ հարցեր, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Դրանք հաջողությամբ ավարտելուց հետո օդանավակայանը կսկսի գործել»:
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ, այսպես կոչված, բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել և ծանր հետևանքներ թողնել, մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների, Բ. Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը, բնական է, պատրաստ է դիմակայելու թշնամու ամեն մի ոտնձգության, այդ թվում նաև` չեզոքացնել բլից-կրիգի փորձ:
«Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումը, և երկրորդ` եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել»,- ասել է Բակո Սահակյանը:
Ինչ վերաբերում է Արցախի դեմոգրաֆիկ աճին, Բ. Սահակյանն ասել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր պետության առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկն է, և իշխանությունների կողմից լուրջ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:
«Արդեն իսկ գրանցվել է դրական դինամիկա: Բնակչության աճը տեսանելի է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, ընդ որում` աճի ամենաբարձր տեմպն առկա է Քաշաթաղի շրջանում: Խոսելով ժողովրդագրական իրավիճակի մասին` անհրաժեշտ է չմոռանալ, որ դրա բարելավումը սերտորեն կապված է տնտեսության համապատասխան զարգացման հետ: Իհարկե, մեր պարագայում մեծ նշանակություն ունի նաև հայրենասիրությունը, սակայն, եթե համակարգված աշխատանք չիրականացվի տնտեսության զարգացման ոլորտում, ապա անհնարին կլինի հասնել ցանկալի արդյունքի, հատկապես երկարաժամկետ հեռանկարով»,- ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Հարցազրույցի շարունակությունը` թերթի այսօրվա համարում