«Անհանգիստ գործընկերը՝ Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը»
19/07/2013 19:32

«Անհանգիստ գործընկերը՝ Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը»

Եվրոպայում անվտանգության և համագործակցության ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հուլիսի 16-ին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը կատարել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած իր պարտականությունները:

«Ադրբեջանը երկու ճանապարհի ունի: Մեկը տանում է առաջ՝ դեպի ժողովրդավարություն և ազգի տնտեսական բարգավաճում, իսկ մյուսը տանում է դեպի ավտորիտարիզմ, կոռուպցիա, տնտեսության լճացում և անկում: Այս աշնանը կայանալիք նախագահական ընտրությունները Ադրբեջանի համար [իր ճանապարհն] ընտրելու լուրջ հնարավորություն են», - ասել է Փոլ Քարտերը՝ «Անհանգիստ գործընկերը՝ Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը» թեմայով հատուկ լսումների գծով հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նշված լսումները հարթակ են հանդիսացել, որպեսզի քննարկվեն Ադրբեջանի ներքին խնդիրները, ընդդիմադիրներն արտահայտել են իրենց բողոքները, իսկ կառավարության ներկայացուցիչները բացատրություններ են տվել բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ:

«Ամբողջ ադրբեջանական հանրությունը պետք է վստահի կառավարությանը և հավատա, որ այն գործում է իր շահերից, այլ ոչ թե որևէ կոնկրետ խմբի»,- հավելել է Փոլ Քարտերը:

Ավելին, լրագրողները պետք է հնարավորություն ունենան ազատ լուսաբանել ընտրություններն առանց մտացածին մեղադրանքներով ձերբակալման սպառնալիքների, ֆինանսական ճնշման և հեռարձակման արգելափակման:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թումաս Մելիան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պետք է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդներ հրավիրի, ազատ արձակի ձերբակալված քաղաքական գործիչներին, մասնավորապես Իլգար Մամեդովին, հետևի մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության հետ երկկխոսություն սկսի: Սակայն քաղբանտարկյալների քանակի մասին հարցին Real շարժման ներկայացուցիչ Էրքին Գադիրլին պատասխանել է. «Քաղբանտարկյալներ այլևս չկան»:

Ադրբեջանի Ազգային Խորհրդի ներկայացուցիչ Էլդար Նամազովը պնդել է, որ մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում կարող են նաև ազդել տարածաշրջանային անվտանգության վրա: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի բոլոր նախկին ընտրությունները ևս կեղծվել են:

Ռուսաստանի և Եվրասիայի գծով Ժողովրդավարության Ազգային Ֆոնդի նախագահ Միրիամ Լանսկոյը մեկնաբանել է լսումների արդյունքները. «Իշխանությունը ցանկանում է խոսակցության թեման փոխել և խոսել Ղարաբաղի և Հայաստանի մասին, բայց ոչ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին»: Լանսկոյն ընտրությունների և ընդդիմության մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները որակել է որպես «տարօրինակ» և ասել է. «Հուլիսի 2-ին տեղի ունեցած նախագահի ելույթը, շատ անհանգստացնող էր: Նա ասեց, որ բոլոր ընդդիմադիրները դավաճաններ են և ոստիկանությունը կարող է ամեն ինչ անել և անպատիժ մնալ: Այս խոսքերով նա ցույց տվեց ընտրությունների հանդեպ իր անլուրջ վերաբերմունքը:

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը լսումներին ներկայացրել են պատգամավոր Սամեդ Սեիդը և ԱՄՆ-ում դեսպան Էլին Սուլեյմանովը: Դահլիճում ներկա են եղել նաև պատգամավորներ Ասիմ Մոլլազադեն և Սենեվիջ Ֆաթալիեվան, ինչպես նաև կառավարության մի շարք համակիրներ: Այցելուների թիվն անսպասելիորեն այնքան է մեծացել, որ շատ իրավապաշտպաններ, լրագրողներ և փորձագետներ պարզապես չեն կարողացել մուտք գործել դահլիճ:

Լսումների ժամանակ քննարկվել են նաև Իլհամ Ալիևի թվով երրորդ առաջադրումը, Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրմանն ուղղված խոչընդոտները, ԶԼՄ-ների և երիտասարդ ակտիվիստների վրա ճնշումները Ադրբեջանում: 

«Անհանգիստ գործընկերը՝ Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը»