Արայիկ Բուդաղյանն ու Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են
19/07/2013 16:47

Արայիկ Բուդաղյանն ու Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են

«Երբ ասում եմ տեսանյութը մոնտաժված է, ես նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան էլ Սուրիկ Խաչատրյանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չմոնտաժված տեսանյութում երևո՞ւմ է Ս. Խաչատրյանի տան պաշտգամբն ու Ս. Խաչատրյանը:

Նրա խոսքով, սակայն, այն հրապարակումները, որ Ս. Խաչատրյանը ողջ ընթացքում եղել է պատշգամբում, չեն կարող որևէ հիմք չունենալ: Հ. Ալումյանի հավաստմամբ` Ա. Բուդաղյանը երկու անգամ ցուցմունք է տվել, երկու անգամն էլ գտնվել է ծանր հոգեկան և ֆիզիկական վիճակում:

Փաստաբանի հավաստմամբ` վենդետայի մասին խոսք չի գնում և իր պաշտպանյալն ու նրա հազարատները ապավինում են միայն օրենքին և հավատում են, որ արդարադատություն կլինի:

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն լուրերին, որ Ս. Խաչատրյանը պատրաստվում է լքել Հայաստանը, Հ. Ալումյանը նշեց. «Ես չեմ հասկանում, թե նա ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ լքելու է Հայաստանը, երբ իր տղայի գործերը կկարգավորվեն: Դա կլինի 15 տարի հետո՞, թե մի կարճ ժամանակ անց իր որդուն բանտից ազատելո՞ւ է»,- ասաց նա:

Հ. Ալումյանը նշեց, որ Ա. Բուդաղյանի եղբայրը` Արայիկ Բուդաղյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Կա տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չի, քանի որ եթե երկու տղամարդ պայմանավորվում են չխոսել ինչ-որ հարցի շուրջ, ապա այդ տեղեկատվությունը չի հրապարակվում»,- ասաց նա:

Հարցին` վերջին շրջանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը մի շարք բացահայտումներ է արել Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված, դրանք անուղղակի կարո՞ղ են օգնել այս գործին, Հ. Ալումյանն ասաց, որ ինքն արդեն այդ հայտարարությունների և հրապարակումների հետ կապված նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով տեղեկացնել, արդյոք այդ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ հարուցե՞լ են, թե ոչ:

«Ես գտնում եմ, որ այդ ենթադրյալ հանցագործությունների շարքը, եթե անգամ լույս չսփռեն այս գործի վրա, կարող են որպես Ս. Խաչատրյաններին բնութագրող հանգամանքներ նշանակություն ունենալ»,- ասաց փաստաբանը:

Արայիկ Բուդաղյանն ու Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են