Կ. Սարիբեկյան. Հայաստանում տատմերների ինստիտուտ չկա
19/07/2013 18:06

Կ. Սարիբեկյան. Հայաստանում տատմերների ինստիտուտ չկա

Բժշկի վարքագծի համար Առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ և չի կարող վերահսկել դա: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին ասաց նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյան՝ անդրադառնալով կարծիքին, որ հղիների անվճար բուժօգնության պայմաններում կան մասնագետներ, որ գումար չեն պահանջում, սակայն վերաբերմունքը վատ է լինում:

Կ. Սարիբեկյանը նշեց, որ խտրական վերաբերմունքի դեպքերի մասին ահազանգեր նախարարությունը ստանում է, սակայն չի կարելի ասել, որ դա համատարած բնույթ է կրում: Նախարարությունը պարբերաբար մոնիթորին է անցկացնում. «Հայկական ֆակտոր կա, հրաժարվում են ասել թե որտեղ է եղել, հրաժարվում են անուններ տալ, ընդհանուր են խոսում, նախարարություն չի կարող որևէ քայլ ձեռնարկել»:

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե 3 տարեկան երեխայի բուժման համար Բաբլոյանի կենտրոնում («Արաբկիր» բժշկական կենտրոն) ամեն քայլափոխին գումար են պահանջում, Կ. Սարիբեկյանը պատասխանեց, որ ասուլիսից առաջ Արա Բաբլոյանին նամակ են ուղարկել, նա խնդրել է, որպեսզի նամակի հեղինակը ներկայանա, որպեսզի կարողանան քննարկել կոնկրետ դեպքը:

«Ես այդ հիվանդանոցում աշխատել եմ, կանոնակարգը գիտեմ: Կասեի, որ բավական չափազանցված է, հնարավոր են վճարովի ծառայություններ, բայց աջ ու ձախ գումար ուզելը հնարավոր չէ»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Մեկ այլ դիտարկման թե ծննդաբերության համար ծախսվող աստղաբաշխական գումարների պատճառով Հայաստանում կրկին զարգանում է «տատմերների ինստիտուտը», բանախոսը նշեց. «Հայաստանում տնային ծնունդների տոկոսը 0,1 է, սրանք այն դեպքերն են, երբ ծննդկանին պարզապես չեն հասցնում տեղափոխել հիվանդանոց: Վստահ կարելի է ասել, որ մեր երկրում տատմերների ինստիտուտ չկա: Նույնիսկ շատ ավանդապահ շրջաններում, որտեղ խորհրդային տարիներին նման դեպքերը մոտ 60 տոկոս էին կազմում, այսօր նման ծնունդներ չկան»:

Կ. Սարիբեկյան. Հայաստանում տատմերների ինստիտուտ չկա