Աշոտ Վարդապետյան. «Անանդ-Կառլսեն մրցախաղը կլինի սերունդների բախում»
20/07/2013 17:34

Աշոտ Վարդապետյան. «Անանդ-Կառլսեն մրցախաղը կլինի սերունդների բախում»

Միջազգային մրցավար, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, «Միկա» շախմատային ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ լինելու է աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղի գլխավոր մրցավարը:
Թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այդ մրցախաղի ընթացքում, ինչը պիտի լինի մրցավարի առաքելությունը և շատ այլ թեմաների շուրջ «Շախմատային Հայաստանի» հարցազրույցը Աշոտ Վարդապետյանի հետ ներկայացնում է armchess.am-ը:

- Պարոն Վարդապետյան, շնորհավորում եմ 2-րդ տարին անընդմեջ աշխարհի առաջնության մրցախաղի գլխավոր մրցավար նշանակվելու կապակցությամբ: Ինչպե՞ս ընդունեցիք այդ լուրը:
- Հանգիստ ընդունեցի` ուրախություն և պատասխանատվություն զգալով: Անցյալ տարի ինձ համար շատ ավելի անսպասելի էր Անանդ-Գելֆանդ մրցախաղի գլխավոր մրցավար նշանակվելը, իսկ այս անգամ ես տեղյակ էի, որ իմ թեկնածությունը դիտարկվելու է:

- Ինչպե՞ս է անցնում գլխավոր մրցավար ընտրելու գործընթացը:
- Վերջին տարիներին ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցավարին ընտրում են ոչ միայն ՖԻԴԵ-ի նախագահը, այլև խաղացողները: ՖԻԴԵ-ն կազմում է աշխարհի ճանաչված 5 մրցավարների ցուցակ և ներկայացնում 2 խաղացողներին էլ: Նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր ընտրությունը, և նախապատվությունը տրվում է օպտիմալ տարբերակին: Վերջնական որոշումը, իհարկե, ՖԻԴԵ-ի նախագահինն է: Բայց ինձ համար ավելի կարևոր է խաղացողների ընտրությունը, քանի որ շախմատում ամեն ինչ, նաև մրցավարությունը, հենց խաղացողների համար է: Իսկ ընդամենը ՖԻԴԵ-ից նշանակումը կարող է սուբյեկտիվ բնույթ ունենալ: Ինձ այս անգամ ընտրելու գործընթացից դեռ մանրամասներ չգիտեմ, բայց կարծում եմ, որ 2 խաղացողներն էլ դրական են վերաբերվել իմ` մրցավար լինելուն:

- Ինչո՞վ է տարբերվելու Անանդ-Կառլսեն մրցախաղը Անանդ-Գելֆանդ մենամարտից:
- Անանդ-Գելֆանդ հանդիպումը սերնդակիցների մենամարտ էր, ավելի բարեկամական, խաղաղ պայմաններում էր անցնում: Չեմ ասում, որ Անանդ-Կառլսեն մրցախաղը խաղաղ չի անցնի, բայց այստեղ մենք տեսնելու ենք սերունդների բախում: Ամբողջ աշխարհը սպասում է` կլինի արդյոք նոր սերնդի ներկայացուցիչն աշխարհի չեմպիոն, թե` ոչ: Այս մրցախաղը շատ ավելի պատասխանատու է, շատ ավելի լուրջ աշխատանք է պահանջում մրցավարներից:

- Ի՞նչ խնդիրներ կարող են լինել այս մրցախաղում:
- Խնդիրները հիմնականում երկուսն են: Նախ` մրցախաղն անցնելու է Հնդկաստանում` աշխարհի չեմպիոնի հայրենիքում, և ինչ-որ տեղ անհավասար պայմաններում են մասնակիցները. Կառլսենը հյուր է, իսկ Անանդը` դաշտի տերը: Ձգտելու ենք 100 տոկոսանոց հավասար պայմաններ ստեղծել երկուսի համար էլ, որ հանկարծ Կառլսենն իրեն վատ չզգա: Երկրորդ խնդիրը համակարգչային հուշումներն են: Կան հատուկ ծրագրեր, որոնցով մարդիկ կարողանում են համակարգչով ընտրել լավագույն քայլերը և ինչ-որ միջոցներով դրանք փոխանցել խաղացողներին: Աշխարհի առաջնության մրցախաղում սա հաստատ բացառվում է: Ես ինքս համոզված եմ, որ այս շախմատիստները մաքուր շախմատ են խաղում: Բայց ՖԻԴԵ-ի, կազմակերպիչների, մրցավարների կողմից ամեն ինչ արվելու է, որ անգամ կասկածի նշույլ չլինի: Շախմատը շատ հոգեբանական խաղ է. չնչին մի կասկածը կարող է ստիպել մարդուն կորցնել խաղի թելը:

- Ինչպիսի՞ն պետք է լինի շախմատի լավ մրցավարը: Ո՞րն է նրա հիմնական առաքելությունը:
- Ես միշտ ասում եմ` ցանկացած մարզաձևում լավ մրցավարը նա է, ով չի երևում, ում խաղից հետո չեն հիշում: Հիշում են նրանց, ովքեր սխալվում են: Ֆուտբոլում մրցավարն աշխատում է բոլորի աչքի առջև` և հանդիսատեսների, և խաղացողների: Շախմատում մրցավարի աշխատանքը կուլիսներում է, և նույնիսկ խաղացողները չպիտի մտածեն, որ իրենց կողքին մրցավար կա: Ասեմ, որ խաղացողներն իրենք շատ ավելի հանգիստ են խաղում, եթե վստահում են մրցավարին:

- Եթե խնդիրներ են ծագում, ինչպե՞ս եք արձագանքում:
- Մեր գործում կարևոր է ոչ թե ստեղծված խնդրին լուծում տալ, այլ խնդիրները կանխել: Այնպես պետք է կազմակերպել մրցախաղը, այնպես վարել այն, այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ կոնֆլիկտներ չծագեն: Ծագելուց հետո ինչքան էլ ճիշտ լուծես կոնֆլիկտը, մի կողմը էլի կարող է թեկուզ շատ քիչ դժգոհ լինել: Շախմատը շատ կոնֆլիկտային խաղ է: Պայքարի մեջ մտած խաղացողները նյարդային գերլարվածության մեջ են, և ամեն չնչին մանրուքից կարող է պայթյուն լինել:

- Երբևէ ձեր որոշման դեմ վճռաբեկ հանձնաժողովին բողոքե՞լ են:
- Ես այն երջանիկ մրցավարներից եմ, որ գրեթե լուրջ բողոքներ չեն ունենում: Միայն 2 անգամ են բողոքարկել, բայց հանձնաժողովը մերժել է այդ բողոքները: Այդ 2 դեպքում էլ ես գիտեի, որ ճիշտ եմ վարվել: Առաջինը` 1996 թ. Գասպարյանի հուշամրցաշարի ժամանակ, Հայաստանում, պարտվող կողմն ուզում էր, որ իրեն ոչ-ոքի գրանցեի, ինչն օրենքների խախտում էր: Երկրորդը` 2004 թ. օլիմպիադայի ժամանակ. բուլղարացու և ադրբեջանցու խաղը դադարեցրել էի 5 րոպեով, որպեսզի վերջինս` ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Հաշիմովը, շտապ բժշկական օգնություն ստանար. նա հիվանդ մարդ է և հաճախ շատ լուրջ նոպաներ է ունենում: Եվ թեև բուլղարացին ուներ 100 տոկոսանոց պարտված դիրք, բողոքարկել էր որոշումս:

- Որպես ՖԻԴԵ-ի մրցավարական հանձնաժողովի անդամ` վերջին շրջանում ի՞նչ սեմինարներ եք անցկացրել:
- Ես եղել եմ ՖԻԴԵ-ի առաջին դասախոսներից և արդեն 7 -8 տարի է սեմինարներ եմ անցկացնում կատարելության ձգտող շախմատային մրցավարների համար: Ըստ ՖԻԴԵ-ի որոշման` միայն այդ սեմինարներում դրական արդյունքներ ցույց տված անձինք կարող են միջազգային մրցավարի կոչում ստանալ: Սեմինարներս հիմնականում ռուսերեն են, երբեմն նաև անգլերեն: Սեմինարներիցս մեծ բավականություն եմ ստանում: Լինում է նաև, որ շախմատիստներ էլ են մասնակցում իմ սեմինարներին` անկախ նրանից` կզբաղվեն երբևէ մրցավարությամբ, թե ոչ: Վերջին 2 սեմինարներս հունիսին էին` Ղրղզստանում և Վրաստանում: Արդեն նոր սեմինարներ անցկացնելու հրավերներ ունեմ:

- Ձեր շախմատային ակումբը`«Միկան», մասնակցելո՞ւ է Եվրագավաթին:

- «Միկան» ավանդաբար մասնակցել է վերջին տարիների բոլոր առաջնություններին: Այս տարի, սակայն, մեր հովանավորը ֆինանսական խնդիրներ ունի, և դեռ ոչինչ պարզ չէ: Մրցաշարը հոկտեմբերի վերջին է լինելու. մենք դեռ ժամանակ ունենք:

- Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Որպես Երևանի ֆեդերացիայի նախագահ` մեր քաղաքապետարանին մի ծրագիր եմ ներկայացրել` 2018 թ. Երևանում շախմատային գերհզոր մրցաշարեր անցկացնել և նվիրել դրանք մեր մայրաքաղաքի 2800-ամյակին: Մենք ավագանու կազմում «մեր մարդն» ունենք` գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, և ես կարծում եմ` նա կաջակցի այս նախագծին: Քաղաքապետարանում իմ առաջարկի շուրջ կան մտքեր, որոնց համար պետք է ֆինանսական հիմք: Հայաստանի համար շախմատը ազգի պարծանքն է, աշխարհին ներկայանալու ձևերից մեկը: Ճիշտ է` ես համարում եմ, որ շախմատը ավելին է, քան սպորտը, բայց ինքնին մրցաշարերը շատ պատվաբեր և հեռանկարային կարող են լինել:

- Մոտ ապագայում ի՞նչ անելիքներ ունեք:
- Մոտ օրերս մեկնելու եմ Հոլանդիա` մասնակցելու ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի արտահերթ նիստին: Օգոստոսին Նորվեգիայում սպասարկելու եմ աշխարհի գավաթի առաջնությունը` մինչև 5-րդ խաղափուլը: Հոկտեմբերին Տալլինում մասնակցելու եմ ՖԻԴԵ-ի հերթական համաժողովին:

- Գիտեմ, որ լրջորեն նարդի եք խաղում, մասնակցում եք մրցաշարերի: Ինչպե՞ս եք համատեղում նարդին և շախմատը: Համեմատելի՞ են արդյոք այս խաղերը:

- Նարդի ես խաղում եմ 55 տարուց ավելի: Նարդին և շախմատը նման են նրանով, որ երկուսն էլ սեղանի ու մտքի խաղեր են: Ի տարբերություն շախմատի` նարդիում կա զառի` պատահականության գործոն: Նարդին ինձ համար դեռ հոբբի է, միգուցե օրերից մի օր մասնագիտություն դառնա: Նույնը եղել է շախմատի հետ` հոբբիից այն ինձ մոտ վերաճեց մասնագիտության:
 

Աշոտ Վարդապետյան. «Անանդ-Կառլսեն մրցախաղը կլինի սերունդների բախում»