.jpg)
Նորածնին կրծքով կերակրելը մեծ առավելություն և կարևորություն է
Մինչև մայր դառնալը բոլոր կանայք էլ գիտակցում են նորածնին կրծքով կերակրելու կարևորության մասի, սակայն ոմանք հրաժարվում են այդ գործընթացից, ելնելով մի քանի դրդապատճառներից (ծծելու ընթացքում առաջացող ցավ կամ անհարմարության զգացողություն): Սակայն պետք է հիշել, որ խիստ անհրաժեշտ է նորածնին կրծքով կերակրելը, անգամ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNISEF) խրախուսում են երեխաների կրծքով կերակրումը ընդհուպ 3 տարեկան հասակը: Մայրական կաթն ունի անփոխարինելի օգտակարություն երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման համար:
Ինպես նաև կրծքով կերակրումը մի շարք կանացի հիվանդությունների կանխարգելման միջոց է: Պետք է հետևել երեխայի պահանջմունքներին և կերակրել այնքան, որքան երեխան պահանջում է:
Մինչև 6 ամսական երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել բացառապես կրծքի կաթով և ազատ ռեժիմով, ըստ երեխայի պահանջի և առանց գիշերային ընդմիջումների: Խորհուրդ չի տրվում տալ ջուր, թեյ, հյութեր: Սննդակարգում նորություններ կարելի է մցնել սկսած 6 ամսականից:
Կրծքով կերակրող մոր օրգանիզմը հետծննդյան շրջանում ավելի արագ է վերականգնվում: Այսպես, կուրծք ուտելու ժամանակ մոր մոտ արտադրվում է օքսիտոցին հորմոնը, որը նպաստում է հղիության ընթացքում մեծացած արգանդի կրճատմանը: Կրծքով կերակրող մայրերն ավելի հազվադեպ են հիվանդանում կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղով:
Սրանով, սակայն, չեն սահմանափակվում այդ առավելությունները:
Կրծքով կերակրման ժամանակ մոր և մանկիկի միջև առաջանում է հոգեկան և զգացմունքային կապ: Մայրն արագ է դուրս գալիս հետծննդյան ճգնաժամից, իսկ երեխան հետագայում լինում է ավելի հանգիստ և հավասարակշռված: