.jpg)
Էմիլ Կառատ. Լինելու է մյուսներից տարբերվող համերգային շաբաթ
Սեպտեմբերի 24-29-ը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում կկայանա «Երաժշտական շաբաթ Երևանում» խորագրով փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչ Էմիլ Կառատը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա լինելու է նախորդներից տարբերվող երաժշտական շաբաթ:
«Երևանում երաժշտական կյանքը ակտիվ է, բայց ցանկություն կար անել ոչ թե ուղղակի համերգ, այլ նորություն մտցնել ձևաչափի մեջ: Եվ ծնվեց մի գաղափար` համերգները կազմակերպել իմ թոք-շուի հիման վրա: Յուրաքանչյուր համերգից առաջ կազմակերպում ենք հանդիպում որևէ արտիստի հետ, և հայտնվում ամեն արտիստի համար սրբազան համարվող գրիմանոցում: Այդ ամենը բերում ենք դահլիճ և ներկայացնում հանդիսատեսին, հնարավորություն տալով տվյալ արտիստին ճանաչել նոր տեսանկյունից, այն է` իմանալ, թե ինչ նախասիրություններ ունի կյանքում, խոհանոցում, հագուստ հարցում, ինչ սովորություններ ունի, ինչու չէ` իմանալ նրա քաղաքական հայացները և այլն, բայց առանց խիստ անձնական և ցավոտ հարցեր շոշափելու, քանի որ մեր հանդիպումը սկանդալային բնույթ չի կրում»,-ասաց նա:
Է. Կառատի խոսքով` իր խնդիրն է լինելու ստեղծել անմիջական միջավայր, որտեղ անկեղծանալը ավելի հեշտ կստացվի:
Այդ ընթացքում հանդիսատեսի շարքում են լինելու հայտնի երգիչ-երգչուհիներ, նաև նրանք, ովքեր ելույթ են ունենալու այդ օրվա ընթացքում:
Կազմակերպչի խոսքով` իր համար համերգային ամեն օրը նշանակալից է, սակայն ավելի հոգեհարազատ է Էստրադային երաժշտությանը նվիրված համերգը: «Այդ օրը կհնչեն Էռնա Յուզբաշյանի կատարումները: Հնչելու են Ռոբերտ Ամիրխանյանի, Արթուր Գրիգորյանի երգերը, որոնք ես շատ եմ սիրում, այն կկրի «Երգը ևս հոգի ունի» անվանումը: Մենք այդ անունով էլ կոչել ենք Գալա-համերգը»,-ասաց նա:
Է. Կառատի խոսքով` բազմաթիվ հայտնի մարդկանց հետ միասին համերգին մասնակվցելու են նաև նորահայտ երգիչներ:
«Ամեն համերգի ընթացքում էլ հայտնիների հետ միասն պետք է ելույթ ունենան նոր արտիստներ, որովհետև պետք է լինեն հարթակներ, որտեղ նրանք կկարողանան աշխատել և ցույց տալ իրենց տաղանդը: Օրինակ Ազգային երաժշտության օրը ելույթ են ունենալու այնպիսի կատարողներ, որոնց հավանություն է տվել Ֆլորա Մարտիրոսյանը»,-ասաց նա:
Գալա-համերգի ընթացքում ելույթ են ունենալու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: «Բոլորին հրավիրելը ֆիզիկապես հնարավոր չէ, մեկը միգուցե ֆորմատին չի համապատասխանում, բայց մենք փորձել ենք հրավիրել այն արտիստներին, որոնց հետ հանդիսատեսը կուզենար շփվել: Ելույթ են ունենալու Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Էմմին, Էրիկը, Ռազմիկ Ամյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզան Մարգարյանը և ուրիշներ»,-ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչ խոսքով` իրենք ձգտում են եվրոպական չափանիշներին համապատասխան համերգ կազմակերպել հայ մասնագետների օգնությամբ և այստեղ առկա տեխնիկայի միջոցով:
«Հնչելու են որակյալ երգեր, հետարքրիր համարներ են լինելու, իսկ Գալա-համերգի ժամանակ հնչելու են ուրախ, դրական, լավ տրամադրություն պարգևող երգեր, ոչ թե դանդաղ և մելամաղձոտ, թեև հայ արտիստները հաճախ իրենց պարտքն են համարում ամեն տաս երգից ութը դանդաղ երգեր կատարել»,-ասաց նա:
Է. Կառատի հավաստմամբ` համերգի կազմակերպչական աշխատանքները առայժմ կատարվում են սեփական միջոցներով, իսկ որոշ հովանավորներ, ովքեր սկզբում համաձայնել են հովանավորել, հետո փոխել են իրենց մտադրությունը, ինչի մասին նա չցանկացավ խոսել:
Նախորդող հրապարակում` Երևանում երաժշտական շաբաթ է լինելու. Լինելու են բազմաթիվ անակնկալներ