Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել
22/07/2013 13:44

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել

«Սիրիայի կառավարական զորքերը սպանել են սիրիական ահաբեկիչների կողմից կռվող ադրբեջանցի Անվեր Զեյլնալովին՝ ծնունդով Տերտերի շրջանից», - հայտնում է ադրբեջանական «Faktxeber.com» կայքը:

Կայքը նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատել է շրջանային ոստիկանության պետ Շահին Հուսեյնովը: Սպանվածի բարեկամները տեղեկացրել են, որ Զեյլնալովը թաղվել է Սիրիայում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչների մահվան մասին հրապարակումներն սկսել են ավելի հաճախ հանդիպել ԶԼՄ-ներում:

Ապրիլի սկզբին թուրքական կայքերը հաղորդեցին, որ Սիրիայում արդեն 30 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել: Ըստ ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովի ՝ Աֆղանստանում և Պակիստանում կռվում է Ադրբեջանից մեկնած ավելի քան 300 իսլամիստ:

Նշենք, որ Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների միջև կապը սկսվել է 1900-ականներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ցուցաբերվող ագրեսիայի անհաջողության պատճառով ադրբեջանական բանակը, կորուստներ կրելով, նահանջում էր:

Իրադրությունը փրկելու համար Հեյդար Ալիևի գլխավորած Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ ներքաշեց միջազգային ահաբեկիչների և ծայրահեղական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հեկմաթիարի խմբավորումը), Թուրքիայից («Գորշ Գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի և այլ խմբավորումներ) ու մի քանի այլ շրջաններից:

Չնայած ադրբեջանական բանակում կային հազարավոր միջազգային վարձկաններ և ահաբեկիչներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ծավալած ադրբեջանական ագրեսիան վերջնականապես անհաջողության մատնվեց և Բաքվի իշխանությունները ստիպված էին հաշտություն կնքել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այնուամենայնիվ, միջազգային ահաբեկիչներն արդեն հասցրել էին անհրաժեշտ կապեր հաստատել Ադրբեջանում, որոնք էլ հետագայում շարունակեցին օգտագործել:

Նրանց շարքերը համալրվում էին ադրբեջանցիներով, ովքեր մեկնում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս՝ այնտեղ միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ կռվելու:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվ ահաբեկչական և ծայրահեղական գործունեություն են ծավալում Ռուսաստանում, Աֆղանստանում և Սիրիայում: Իսկ հենց Ադրբեջանում քրեական պատասխանատվության են ենթարկվում Աֆղանստանում «անօրինական զինված միավորումներին» մասնակցող քաղաքացիները, ովքեր դատապարտվում են չնչին տարիների ազատազրկման:

Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի ահաբեկիչ է սպանվել