Վրաստանն ավարտեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները
23/07/2013 20:41

Վրաստանն ավարտեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները

Եվրամիության պաշտոնյաները նախօրեին Վրաստանի հետ ավարտեցին ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, որը ևս մեկ քայլ էր Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ: Գրում է EUobserver-ը:
Ազատ առևտրի ամաձայնագրի կոմերցիոն տեքստը ընդգրկում է էներգետիկայի և ծառայությունների հետ կապված առևտրի կանոնների, ստանդարտների, մաքսային խնդիրների դյուրացումը:

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով, Եվրամիությունը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, ում հետ առևտրաշրջանառությունը 2012-ին կազմել է 26.6 տոկոս: ԵՄ գործադիր մարմնի գնահատականներով, ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ Վրաստանի տնտեսական արդյունքը տարեկան կմեծանա 4.3 տոկոսով, որը համարժեք է 292 միլիոն եվրոյի:

Եվրամիությունը Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները սկսել է 2010թ.-ի հուլիսին՝ արևելյան գործընկերության շրջանակներում:

Նշենք, որ արևելյան գործընկերության մեջ ներառված են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան:
Ասոցացման համաձայնագրերն այս երկրներին ԵՄ-ին անդամակցության հեռանկար չեն առաջարկում:
Համաձայնագրերը Արևելյան գործընկերության երկրներին հնարավորություն են տալիս ազատականացնել շուկաները, դյուրացնել վիզային ռեժիմը՝ քաղաքական բարեփոխումների դիմաց:

Նշենք, որ Լիտվան ԵՄ-ում իր նախագահության հիմնական առաջնահերթություն է սահմանել Արևելյան գործընկերության առաջընթացը: Լիտվայի կառավարության մտահոգությունը նրանում է, որ արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրերի ձախողման դեպքում այս երկրները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքերում, ով առաջ է քաշում իր առևտրային բլոկը՝ Եվրասիական միությունը:

Ռուսաստանի այս նախագծի քննադատները, ներառյալ ԱՄՆ-ը, կարծում են, որ սա Ռուսաստանի կողմից փորձ է՝ վերականգնել սովետական ոճի տնտեսական միություն:

Վրաստանն ավարտեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները