Առողջապահության նախարարն այցելել է անձավաբուժության կենտրոն
24/07/2013 20:35

Առողջապահության նախարարն այցելել է անձավաբուժության կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց Ավանի աղի կոմբինատում տեղակայված «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

1987թվականից գործող այս կենտրոնում տարեկան անաձավային բուժում են ստանում հիմնականում բրոնխիալ ասթմայով և ալեգիայով տառապող մոտ 200 հիվանդներ, որոնց գրեթե կեսը` մինչև 17 տարեկան։ Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներից բացի այստեղ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն են ստանում նաև սպասարկող պոլիկլինիկայում գրանցված բրոնխիալ ասթմայով հիվանդ մինչև 17 տարեկանները։

Աղի հանքի 235 մետր խորությամբ գտնվող խորշերում ծավալված 60 մահճակալն առավել մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում ամառային արձակուրդների շրջանում։

Կենտրոնի հնարավորություններին ծանոթանալուց բացի Դերենիկ Դումանյանը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նախագահ Արեգ Ղուկասյանի հետ քննարկեց տարածաշրջանում եզակի անձավաբուժության զարգացման հնարավորությունները։ Արեգ Ղուկասյանը ներկայացրեց, թե կոմբինատն ինչ օժանդակություն է ցուցաբերում Անձավաբուժության կենտրոնի գործունեությանը։ Նախարարն ընդգծեց բուժման այլընտրանքային, արդյունավետ այս մեթոդի հնարավորություններն ընդլայնելու և ժամանակակից պահանջներին հարմարեցնելու կարևորությունը։ Մոտ ապագայում կքննարկվի դրա համար անհրաժեշտ ներդրումներն ապահովելու հարցը։
 

Առողջապահության նախարարն այցելել է անձավաբուժության կենտրոն