.jpg)
Սուրեն Մկրտչյան. «Կուբանում» ոչ մեկին հարկադրաբար չենք պահում»
Կրասնոդարի «Կուբանի» տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի` Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխության մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Այս մասին տեղեկացնում է «Р-Спорт»-ը:
«Օզբիլիսի «Սպարտակ» տեղափոխության մասին ոչինչ չգիտեմ: Նմանատիպ բոլոր խոսակցությունները ծնվում են զուտ այն պատճառով, որ Արազը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով փայլուն ելույթներ է ունենում կրասնոդարյան թիմի կազմում: Այլ ակումբներ իսկապես հետաքրքրված են նրա ծառայություններով, սակայն «Կուբանի» ղեկավարությունն ամեն ինչ անում է` նրան թիմում պահելու համար:
Օզբիլիսի`«Կուբանից» հեռանալու ցանկության մասին ևս ինձ ոչինչ հայտնի չէ: Կարծում եմ, որ ֆուտբոլիստը, ով կորցրել է հետաքրքրությունն իր ակումբի նկատմամբ և ցանկանում է տեղափոխվել այլ թիմ, նման գեղեցիկ ֆուտբոլ չէր ցուցադրի: Մենք այստեղ ոչ մեկին հարկադրաբար չենք պահում: Դա ճիշտ չէ: Մենք մեծ հույսեր ենք կապում Արազի հետ»,- հայտարարել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին 2 տուրերում Օզբիլիսն արդեն իսկ աչքի է ընկել 2 անգամ: