«Արտասահմանցի զբոսաշրջիկների  ներհոսքը Արցախ այս տարի առավել զգալի է»
26/07/2013 20:44

«Արտասահմանցի զբոսաշրջիկների ներհոսքը Արցախ այս տարի առավել զգալի է»

Արցախը հետաքրքիր է ոչ միայն հայերի, այլև արտասահմանցի զբոսաշրջիկների համար և նրանց  ներհոսքը այս տարի առավել զգալի է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: :

«Դա զգալի է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի օրինակով: Այն ընդամենը ամիսներ առաջ է բացվել` մայիսի 9-ին, սակայն գրեթե ամեն օր 100 –ից ավելի այցելու է ունենում, և մեծ մասը զբոսաշրջիկներ են, ինչը արդեն խոսում է զբոսաշրջիկների ներհոսքի մասին: Դա կարելի է նկատել նաև զբոսաշրջային ավտոբուսների թվաքանակի ավելացումից: Զբոսաշրջիկների թվում կան էթնոտուրիզմով հետաքրքրվածներ, ինչը զգացվում է իրենց հագուստից: Բոլորն էլ շեշտում են` Արցախի գրավչությունների թվում բնությունը, մաքուր օդը, համեղ սնունդը և մարդկանց ջերմությունը»,-ասաց նա:

Նրա խոսքով` Արցախում մշակութային կայնքը ևս ակտիվ է: «Մի քանի օր առաջ մենք ավարտեցին մշակութային մեր ծրագիրը` դասական երաժշտության պատանի կատարողների «ՏՆՋՐԵ» երրորդ միջազգային փառատոնը: 13 երկրներից մասնակիցներ ունեցանք, ովքեր շատ ափսոսանքով հեռացան, չնայած տաս օր մնացին այստեղ, հասցրեցին բազմաթիվ բնակավայրերում հանդես գալ և մտերիմ զգացմունքներով բաժանվեցին...Այն ինչ կատարվում է սոցցանցերում, դրա մասին է վկայում. նրանք տպավարված են հեռացել այստեղից: Սա ևս նպաստում է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: Երբ մենք ենք դա ասում, դա կողմնակալ է դիտվում, օտարների տպավորությունները կարող են անկողմնակալ դիտվել»,-ասաց նա:

Ն. Աղաբալյանը նշեց, որ բացի այդ, տարբեր պայմանավորվածություններ կան ՀՀ թատրոնների և խմբերի հետ, որոնք համերգներով պետք է հանդես գան այստեղ, սակայն իրենք դահլիճների հետ կապված խնդիր ունեն, այդ պատճառով չի կարող հստակ անուններ նշել:

«Մենք ունենք միայն մեկ համերգային դահլիճ, որը վերանորոգման ընթացքում է, այդ պատճառով էլ չենք կարողանում ավելի շատ մշակույթի գործիչների հրավիրել: Սեպտեմբերին ունենք 2 միջազգային պրոյեկտ` Քանդակագործության սիմպոզիումը: Ինչպես նաև սեպտեմբերին մենք այստեղ բացելու ենք ևս մեկ թանգարան` Երկրաբանության թանգարանը, որտեղ ներկայացվելու են հազվագյուտ միներալներ:

Ընդհանրապես բոլոր թանգարանները փորձել են ուսուցողական հարթակ դարձնել, բարձրացնել թանգարանների ուսուցողական դերակատարությունը, տարբեր դասեր կազմակերպել երեխաների, ուսանողների համար, հանրամատչելի դասընթացներ իրականացնել»,-ասաց նա:

Նա նշեց, որ աշնանը Արցախի մի խումբ ստեղծագործողները պետք է համերգով մեկնեն Դանիա, իսկ վերջերս Լիտվայից վերադարձել է Արցախի «Մռակած» երգչախումբը, որը միջազգային երգչախմբային փառատոնի ընթացքում երրորդ տեղն է զբաղեցրել, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը: Սեպտեմբերի 6-ին մարզադաշտում մեծ համերգ է լինելու, Ռուսաստանից կժամանեն խմբեր ու կատարողներ: Միջոցառումների մի մասը Արցախի բարեկամների շնորհիվ է կյանքի կոչվում, նրանք են հոգում բոլոր ծախսերը:

Անդրադառնալով խնդիրների` Ն. Աղաբաբյանը նշեց, որ ֆինանսական և դահլիճի հետ կապված խնդիրներից բացի իրենք ունեն երաժշտական գործիքների խնդիր: «Մենք ունենք բավական շնորհալի երեխաներ, պատանի ստեղծագործողներ, ովքեր ավելի լավ պայմանների կարիք ունեն: Շատերը, իհարկե, փորձում են հնարավորության սահմաններում աջակցել: Վերջերս Ֆինլանդիայից Արցախ ժամանած երաժիշտները նախաձեռնեցին մի ակցիա, որով երաժշտական գործիքներ նվիրեցին մեր պատանի կատարողներին»,-ասաց նա:

Ն. Աղաբալյանի խոսքով` շատ հանրահայտ կատարողներ միայն դահլիճի և ֆինանսական խնդիրների պատճառներով համերգային ծրագրերով հանդես չեն գալիս Արցախում: ԱՆդրադառնալով Մոնսերատ Կաբալյեի այցին Արցախ, նա նշեց, որ Մ. Կաբալյեն շատ տպավորված էր Արցախով և ի դեմս նրա` իրենք ձեռք բերեցինք շատ լավ բարեկամի:

Նախորդող հրապարակում` Արցախում կանցկացվի դասական երաժշտության «ՏՆՋՐԵ» 3-րդ միջազգային փառատոնը
 

«Արտասահմանցի զբոսաշրջիկների ներհոսքը Արցախ այս տարի առավել զգալի է»