Սեյրան Օհանյանն ընդունեց արտերկրում ուսում ստացած սպաներին
26/07/2013 19:30

Սեյրան Օհանյանն ընդունեց արտերկրում ուսում ստացած սպաներին

Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում և վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում:

Այսօր Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ-ի և Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Ուսման ավարտի կապակցությամբ իր և պաշտպանություն նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց` նախարարը նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության և վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ-մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց և իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, ինչը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը:

Ս.Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում:

Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաև ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով` մեր ԶՈւ-ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով և եռանդով ամրապնդելու համար:
 

Սեյրան Օհանյանն ընդունեց արտերկրում ուսում ստացած սպաներին