.jpg)
Բաբկեն Պիպոյան. Քաղաքապետարանի հանձնաժողովի համար կռվել չեմ պատրաստվում
«Թեև քաղաքապետարանը հայտարարում է, թե տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը քննարկվել ու պատրաստվում է ևս մեկ անգամ քննարկել այլ շահագրգիռ կողմերի հետ, սակայն մինչև այժմ նույն այդ քաղաքապետարանը ոչ մի շահագրգիռ անձի հետ այդ հարցը չի քննարկել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նաև չի հիմնավորում, թե ո՞ր շահագրգիռ կողմերի և ՀԿ-ների մասին է խոսքը, իսկ իրենց կողմից քաղաքապետարան ներկայացված պահանջները, կարծես, անուշադրության են մատնվել:
«Այս խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք այն ժամանակ, երբ սկսեցին խոսակցությունները գազի սակագնի բարձրացման հետ կապված: Հստակ նշվում էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է: Մենք դեռ այդ ժամանակ ներկայացրեցինք մեր հաշվարկները և առաջարկեցինք համագործակցություն, սակայն քաղաքապետարանից չարձագանքեցին: Հիմա էլ ուղեվարձի սակագնի կասեցման վերաբերյալ որոշում են ընդունել, բայց ներքին կարգով այլ որոշումներ են կայացնում»,- ասաց նա:
Բ. Պիպոյանի խոսքով` ինքը պատրաստ է ընգրկվել քաղաքապետարանի նոր հանձնաժողովում, սակայն դրա համար կռվել չի պատրաստվում և դա կանի, եթե լինի առաջարկ, իսկ քաղաքապետարանից առաջարկ չի ստացել:
«Մեր տեսակետն անփոփոխ է, որ մինչ այժմ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն աշխատել են գերշահույթով: Մոնիթորինգի արդյունքում մենք համոզվել ենք, որ 92 դրամը սակագինը գործող տարբերակ է և պատրաստ ենք դա ևս մեկ անգամ հիմնավորել»,- ասաց նա:
Բողոքի ակցիաների վերաբերյալ Բ. Պիպոյանը նշեց, որ իրենք կոչ են արել երիտասարդներին պաշտպանել սեփական շահերը և զերծ մնալ դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելուց: