29/07/2013 13:23
Պռոշյանի գյուղապետարանի 13 աշխատակիցներ հեռացման մասին դիմում ներկայացրին
Պռոշյանի գյուղապետարանի ամբողջ անձնակազմն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել գյուղապետարան: Aysor.am-ի հետ զրույցում Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Լուսինե Պետոյանն ասաց, որ այս ակցիան բողոք է նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ու այդ սպանության մինչ օրս բացահայտված չլինելու դեմ:
«Այս ամիսների ընթացքում ոչ մի բացահայտում չի արվել: Մենք անընդհատ սպասում ենք, բայց ոչ մի շարժ չկա: Հրաժարականի մասին այս որոշումը միաձայն ենք կայացրել, ընդհանուր առմամբ՝ 13 հոգով»,- ասաց Լուսինե Պետոյանը:
Հրաչ Մուրադյանի եղբորորդի Հակոբ Մուրադյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասացմ որ բողոքն ուղղված է նաև նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանին:
«Հրաչ Մուրադյանի սպանության վերաբերյալ դեռևս ոչինչ պարզ չէ, իսկ այդ մարդուն ահռելի գումարներ ծախսելով բերում նստեցնում են գյուղապետ: Մարդիկ չեն ուզում նրա հետ աշխատեն»,- ասաց Հակոբ Մուրադյանը:
Նշենք, որ հուլիսի 14-ին այս համայնքում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը: Նրան մի քանի ձայնով զիջել է գյուղապետի նախկին տեղակալ, ՀՅԴ-ական Վովա Սահակյանը: