.jpg)
Արծրուն Հովհաննիսյան.«Վանաձորի գրասենյակի տվյալները օդից են վերցված»
«Չեմ զարմանում, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսպիսի աննոռմալ թվեր է ներկայացնել, դա թվերի հետ խաղ է`առանց որևէ հիմնավորումների»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` ՀՀ ԶՈԻ 2013թ.-ի հունիս-հուլիս ժամանակահատվածում արձանագրված մահացության 20 դեպքի վերաբերյալ հայտարարությանը, ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այդ կազմակերպությունը սովորել է մանիպուլյացիա անել թվերի, զինվորների կյանքերի հետ:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկությունները օդից վերցված թվեր են և իրականության չեն համապատասխանում»,-ասաց բանախոսը:
Ա. Հովհաննիսյանը ասաց, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին ունեցել ենք Վանաձորի գրասենյակի ներկայացված թվերից 4-5 անգամ քիչ զոհեր:
«Ընդհանուր այս տարվա կորուստներ չեն անցնում երկու տասնյակը, ոչ թե 2 ամսվա տվյալները, այլ յոթ ամսվա տվյալները, ներառյալ այսօր`օգոստոստի 2-ը»,-նշեց Ա.Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության այն հատվածին, թե «մահացության դեպքերով քննությունները չեն իրականացվում օբյեկտիվ, բազմակողմանի, ուղեկցվում են վկաների նկատմամբ ճնշումներով, բռնությոններով և ապօրինի այլ գործողություններով» Հովհաննիսյանը նշեց, որ այսպիսի օդի մեջ արված հայտարարություններ, առանց փաստերի և հիմնավորումների անել չի կարելի:
«Կա դատարան, կա իրավական համակարգ, կան քննչական մարմիններ և եթե նրանք ունեն փաստեր թող ներկայացնեն դատարան»,-ասաց բանախոսը:
Ա. Հովհաննիսյանը կոչ արեց Վանաձորի գրասենյակին խոսել փաստերով և ներկայացնել հստակ ապացույցներ:
«Եթե նրանք ինչ-որ փաստ ներկայացրել են պաշտպանության նախարարություն, դա անուշադրության չի մատնվել և մանրակրկիտ ուսումնասիրվել է»,-հավելեց բանախոսը: