.jpg)
Պուչկովան ներողություն է խնդրել մրցավարից
Վաշինգտոնի «Citi Open» մրցաշարի ¼ եզրափակիչ փուլում ռուս թենիսիստուհի Օլգա Պուչկովան մրցում էր արգենտինուհի Պաուլա Օրմաեչեի հետ, երբ 3-րդ սեթում նրա հարվածից հետո գնդակը դիպավ եզրային մրցավարին` ծնկի վնասվածք հասցնելով նրան: Այնուհետև Օլգան որակազրվեց, թեև նրա խոսքերով` սա ընդամենը պատահականություն էր: Տեղեկացնում է tennis.com-ը:
«Ներողություն եմ խնդրում մրցավարից: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Ես անգամ չտեսա, թե իմ հարվածից հետո որ ուղղությամբ սլացավ գնդակը»,- նշել է ռուս թենիսիստուհին:
Մրցաշարի վերահսկիչ Մելանի Տաբը ևս մեկնաբանել է Պուչկովայի որակազրկումը:
«Ես հավատում եմ Պուչկովային, որ այս ամենը մտածված չէր: Օլգան բարկացած էր և հարվածեց գնդակին: Փաստն այն է, որ դրանից այնքան էլ լավ բան չստացվեց: Հարվածը բավական ուժեղ էր, և մրցավարը ստացավ ծնկի վնասվածք»,- նշել է Տաբը: