.jpg)
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային կրկին փորձել են հեղինակազրկել
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային կրկին սպառնացել են: Այս անգամ սպառնալիքները համադրված են եղել տեսանյութով, լուսանկարներով և մեկ այլ ընդդիմադիր լրագրող Էմին Միլլիի մասնակցությամբ հարցազրույցով: Տեսանյութը համացանցում հայտնվել է հուլիսի 26-ին, այդ մասին հայտնում է Ազատություն Ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Ազատություն Ռադիոկայանի գործող նախագահ և գործադիր տնօրեն Քեվին Քլոզեն արտահայել է վերջին իրադարձությունների կապակցությամբ իր զայրույթը. «Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կառավարությունը մանրակրկիտ և լիարժեք հետաքննություն կանցկացնի Խադիջային ուղղված հարձակումների վերաբերյալ և կդատապարտի լրագրողներին վտանգի ենթարկող այդ գործողությունները: Մենք խնդրում ենք, որպեսզի նրանք իրական աջակցություն և պաշտպանություն ապահովեն լրագրողներին, ովքեր աշխատում են հանուն հանրային շահի»:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը ևս դատապարտել է Իսմայիլովայի դեմ ուղղված հարձակումները՝ նշելով, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է սեփական քաղաքացիներին պաշտպանելու Ադրբեջանի անկարողությունը:
«Սա վկայում է Ադրբեջանում լրագրողների դեմ առկա թշնամական վերաբերմունքի և այդ երկրում մամուլի ազատության ծայրահեղ վիճակի մասին», - նշել է ինստիտուտի գործադիր տնօրեն և նախագահ Էմին Հուսեյնովը:
Իսմայիլովային շանտաժի էին ենթարկել դեռ 2012թ մարտին, երբ իր տանը գաղտնի տեսագրող սարքեր էին հայտնաբերվել, իսկ անձնական բնույթի տեսանյութերը հայտնվել էին hամացանցում: Երկրորդ հարձակումը տեղի էր ունեցել նույն թվականի ապրիլին: Ադրբեջանի կառավարությունը դեռ այն ժամանակ հրապարակայնորեն խոստացել էր հետաքննել գործը, սակայն Իսմայիլովայի խոսքերով՝ իր ընկերներից և ընտանիքի անդամներից բացի այլևս ոչ ոք չի հարցաքննվել: Իր դեմ ուղղված այդ քարոզարշավը լրագրողն անվանել է «բարոյական ահաբեկչություն» և ավելացրել, որ նախորդ շաբաթ նա իր ֆիզիկական անվտանգությունը վտանգող նոր սպառնալիքներ է ստացել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իսմայիլովայի լրագրողական հետաքննությունը Ալիևների կլանի կասկածելի ֆինանսական գործարքների մասին էր:
Հարձակումներ են գրանցվել նաև Ադրբեջանում գործող Ազատություն ռադիոկայանի դեմ: Ընթացիկ տարվա ապրիլի 28-ից սկսած ռադիոկայանն ուներ ազդանշանի խնդիր, որը ստացվում էր Թուրքիայից և Ադրբեջանից: Միջազգային Հեռարձակման Բյուրոն այդ խնդիրները որակել էր որպես միտումնավոր հարձակում: Գործը հետաքննելու պահանջ էր ներկայացրել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, սակայն Ադրբեջանի կառավարությունն այդ ուղղությամբ որևէ նշանակալի քայլ դեռ չի կատարել: