«Պուտինը կարող է վճռել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ելքը»
03/08/2013 16:00

«Պուտինը կարող է վճռել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ելքը»

 Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է պաշտոնապես դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս արագացնի Ադրբեջանի միասնական ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի` ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը: Այդ մասին նշում է «Ազատություն» Ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ըստ աղբյուրի, որոշումը կայացվել է հուլիսի 30-31 Թբիլիսիում կայացած ադրբեջանցի ընդդիմադիրների ժողովի ժամանակ:

Ինչպես արդեն հայտնի է,  Ռուստամ Իբրահիմբեկովը դեռ վերջնականապես չի հրաժարվել ռուսական քաղաքացիությունից, որը և թույլ չի տա նրան առաջադրվել աշնանն Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններում: Բացի այդ, Ադրբեջանում իր դեմ քրեական գործ է հարուցված, որի պատճառով էլ ընդդիմադիր առաջնորդը չի կարող վերադառնալ հայրենիք:

«Ես միանգամից կգնայի Բաքու: Այդտեղ կասկած անգամ չկա, նշում է Իբրահիմբեկովը, - բայց ընկերներս և կոլեգաներս այսօր խորհուրդ տվեցին ինձ չվերադառնալ, քանի որ դեռ որոշ օրինական խնդիրներ լուծման կարիք ունեն: Միայն դրանից հետո ես կվերադառնամ»:

Ենթադրվում էր, որ Իբրահիմբեկովը լուրջ մրցակցություն ցույց կտա արդեն 2 տասնամյակ Ադրբեջանում կառավարող Ալիևների կլանին: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ընդդիմադիր ճակատի մեկ այլ անդամ՝ Մուսավաթ կուսակցության նախագահ Իսա Գամբարը, հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում փոխարինել Իբրահիմբեկովին, սակայն ամբողջ ուշադրությունը դեռ մնում է մասնագիտությամբ սցենարիստ  Իբրահիմբեկովի վրա: Նա նշել է. «Ներկա պահին մեզ համար առաջանահերթություն է Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված բոլոր տեսակի արհեստական խոչընդոտերից ազատվելը, նրան որպես թեկնածու առաջադրելը և հաղթանակի հասնելը. մյուս բոլոր հարցերը հետագայում էլ կարող են լուծվել»:

Նախագահական ընտրությունների ելքը շատերը կապում են նաև Պուտինի հետ: Ռադիոկայանը նշում է. «Ադրբեջանի պաշտոնական մամուլը Պուտինի հանրահայտ այցը բնորոշել է որպես գործող կառավարությանը սատարելու Մոսկվայի ակնարկ, այն դեպքում, երբ Իբրահիմբեկովը Ռուսաստանի հետ երկարատև կապեր ունի, իսկ Ալիևը անկախ է ռուսական էներգիայից և ազդեցությունից»:

«Ազատություն» Ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր առաջնորդն այդ առումով ընդգծել է, որ որևէ հիմք չկա ենթադրելու, թե Ռուսաստանն ընդհանրապես ինչ-որ մեկին սատարում է:

Հաշվի առնելով այն փաստը, որ Պուտինը կարող է և հետաձգել Իբրահիմբեկովի՝ ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը՝ օգոստոսի 12-13-ի այցը Ադրբեջան կարող է որոշիչ լինել: Պուտինը կարող է լուրջ զիջումներ պահանջել Ալիևից՝ հարթ և ոչ մրցակցային ընտրությունների դիմաց:

Անկախ ամեն ինչից Ռուստամ Իբրահիմբեկովը դրական է տրամադրված: «Չնայած ես բավականին քննադատական եմ մոտենում ինքս ինձ, կարծում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիներն այնքան են ուզում կառավարության մեջ փոփոխություն տեսնել, որ կանեն ամեն ինչ, որպեսզի ես հաղթեմ», - նշել է Իբրահիմբեկովը: Նա նաև վստահեցրել է, որ նույնիսկ եթե իր առաջադրումը ձախողվի, ինքն Ադրբեջանի ընդդիմության հետ միասին շարունակելու է պայքարել կոռուպցիայի և կառավարության դաժանությունների դեմ:

«Պուտինը կարող է վճռել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ելքը»