.jpg)
Բրուցելոզ. 415 անասնագլխաքանակ սանիտարական սպանդի է ենթարկվում
Այս տարի բրուցելոզի բռնկումների ալիք է Կոտայքի և Շիրակի մարզերում, նախ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում էր վարակը, ապա նաև մանր եջերավորների շրջանում:
Կոտայքի մարզի Ֆանտան համայնքում 179 գլուխ մանր եղջերավոր կենդանի և Շիրակի մարզի 236 գլուխ ենթարկվում են սանիտարական սպանդի. կենդանիների մոտ հայտնաբերվել է բրուցելոզ: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Շիրակի մարզի Հովունի և Կոտայքի մարզի Ֆանտան համայնքները հայտարարվել են անապահով. համայնքներում ընթանում է առողջացման ծրագիր: Այս համայանքներում մարդկանց շրջանում ևս արձանագրվել են բրուցելոզի վարակման դեպքեր:
Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզ է հաստատվել նաև Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում. արդեն 3 անասնագլխաքանակ ենթարկվել է հարկադիր սպանդի, Ամասիայում` 2 գլուխ, Գումրիում 3 գլուխ: Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 3 գլուխ, Հրազդանում` 9 գլուխ և այլն:
Խոշոր եղջերավորների շրջանում բուրուցելոզի հայտնաբերման ուսումնասիրություններն ու աշխատանքները այժմ էլ ընթանում են:
Իսկ թե ինչո՞ւ չեն պատվաստում բրուցելոզի դեմ, պարզվում է, որ մեր երկիրը համարվում է բրուցելոզից ապահով երկիր և պետությունը անասնատերերին օգնում է միայն պետպատվերի շրջանակներում անվճար արյան անալիզներ անցկացնելով` տարին երկու անգամ: Հայտնաբերում են հիվանդությունը, տիրոջը տեղեկացնում ու ենթարկում սանիտարական սպանդի. Այսքանով պետության գործն ավարտվում է:
Հ. Մկրտչյանը նաև փոխանցեց, որ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների միսը կարելի է օգտագործել ջերմային մշակումից հետո, ներքին օրգաններն օգտագործել չի խրախուսվում: Դրանք կարող են լինել պիտանի և ոչ պիտանի:
Իսկ կարո՞ղ է գյուղացին իր կենդանուն պատվաստել բրուցելոզի դեմ հարցին` ՍԱՊԾ ներկայացուցիչը պատասխանեց, որ չի կարելի ինքնագլուխ պատվաստել, հսկողություն պետք է լինի:
Մասնավորապես Կոտայքի մարզում բրուցելոզի դեպքերի առնչությամբ փորձեցինք մանրամասներ ճշտել մարզի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Ասատրյանից, վերջինս նախ հերքեց, որ մարզում բրուցելոզ կա, հետո ճշտելուց հետո փոխանցեց Ֆանտան համայնքի 179 մանր եղջերավորների շրջանում բրուցելոզի վերաբերյալ, իսկ թե մարզի Արամուս համայնքում 80 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի էր հարկադիր սպանդի ենթրակվել, մարզի գյուղվարչության պետը տեղյակ չէր:
Նախորդող հրապարակում` Արամուս համայնքում 80 գլուխ կով է հարկադիր սպանդի ենթրակվել. Բրուցելոզ