.jpg)
Լեոնարդո. «4 թիմ կպայքարի չեմպիոնի կոչման համար»
ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնի կոչման համար պայքարը թեժ է լինելու: Նրա խոսքերով` փարիզյան թիմը ևս կբախվի մի շարք խնդիրների հետ, թեև ՊՍԺ-ի հարձակվողները լավագույնն են աշխարհում: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախորդ առաջնության վերջնահատվածում Լեոնարդոն հրել էր մրցավարին, ինչի արդյունքում երկարաժամկետ որակազրկվել էր, ապա լքել պաշտոնը:
«Այս թիմում միաժամանակ հանդես են գալիս Ֆրանսիայի լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, Իտալիայի լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին, ինչպես նաև Մոուրին: Սա դեռ բավական չէ, այստեղ են Պաստորեն, Մենեզն ու Լավեսսին: Մի խոսքով` ՊՍԺ-ն լավագույն հարձակման գիծն ունի: Կարծում եմ, այս տարի չեմպիոնի կոչման համար կպայքարեն ՊՍԺ-ն, «Մոնակոն», «Լիոնն» ու «Մարսելը»:
Ինչ վերաբերում է իմ հեռանալուն, ապա ես չէի կարող 100 տոկոսով կատարել իմ աշխատանքը` գտնվելով որակազրկման մեջ: Բացի այդ, կային նաև մի շարք այլ խնդիրներ»,- հայտարարել է Լեոնարդոն: