.jpg)
Washington Post-ը գնել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը
Երկուշաբթի օրը ցնցող հայտարարությամբ տեղեկացվեց, որ Washington Post-ը 250 մլն դոլարով վաճառվել է Amazon կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ Հայտնում է Huffington Post-ը։
Washington Post-ի հրատարակիչ Քեթրին Վեյմաուսը թերթի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը կշարունակի մնալ իր պաշտոնում, թերթի խմբագիր Մարտին Բարոնը ևս կպահպանի իր աշխատանքը։
Post ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դոնալ Գրահամը, ում ընտանիքի սերունդներին էր պատկանում Post-ը, հայտարարել է, որ տպագիր արդյունաբերույթան տնտեսական վիճակի պատճառով է կայացվել վաճառելու որոշումը։ 2013թ․-ի առաջին կիսամյակում ընկերությունը կորցրել է 49․3 մլն դոլար։
«Ես ու իմ ընտանիքը երբեք չէինք սպասում, որ այս օրը կգար։ Washington Post ընկերությունը վաճառում է թերթը, որը մենք պահպանել ու «սնուցել» ենք 8 տասնամյակ»,- ասել է Գրահամը։
Washington Post-ի նոր սեփականատեր Բեզոսը հավաստիացրել է, որ «Post-ի արժեքները փոխելու կարիք չկա», սակայն խոստացել է ապագայում որոշակի «փորձարկումներ» իրականացնել։