.jpg)
«Վճարովի կայանատեղիները պետք է լինեին երթևեկելի տարածքներից դուրս»
Վճարովի ավտոկայանատեղիների համար վճարվում է տուրք, որը համարվում է համայնքի սեփականություն: Հստակ սահմանված է` տեղական տուրքի անգամ 0,5 տոկոսը չի կարող գնալ մասնավորի բյուջե, բայց այս դեպքում կա օրենսդրական բաց՝ մրցույթում շահած կազմակերպության բյուջե է գնում ավտոկայանատեղիների տուրքերի 70 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վճարովի ավտոկայանատեղերի մասին, նման մտահոգություն հայտնեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Պետական տուրքերի մասին օրենքում չկա մի կետ, որը սահմանի, որ վճարված գումարի ասենք 70%-ը պետք է գնա մասնավոր ընկերության բյուջե»,- ընդգծեց նա:
Օրենսդրական դաշտը կա, սակայն, Է. Հովհաննիսյանի խոսքով, կիրառման մեխանիզմ չկա, այդ բոլոր կայանատեղիները պետք է լինեին երթևեկելի տարածքներից դուրս:
Նա նաև նշեց, որ իրենք ունեն ուսումնասիրությունը, ըստ որի վճարովի ավտոկայանատեղիների շնորհիվ տարեկան հավաքագրվում է մոտ 11 միլիոն դրամ:
«Մեզ մոտ ընդհանուր օգտագործման ճանապարհներն անվճար են: Կայանելն ու կանգառ կատարելը երթևեկության բաղադրիչ մաս է, ինչպե՞ս կարող է լինել վճարովի»,- ասաց Է. Հովհաննիսյանը` հավելելով, որ օրենքում բազմաթիվ բացեր կան:
Շարունակելով խոսքը` ՀԿ նախագահն օրինակ բերեց այն, որ քաղաքացին կարող է վճարել ամբողջ տարվա համար նախատեսված 12 հազար դրամը և անհրաժեշտ վայրում չգտնել կայանելու ազատ տեղ: Ըստ բանախոսի՝ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչ կլինի: Սա ևս, ըստ նրա, բաց է: