Կարինե Աճեմյան. Ադրբեջանը երբեք չի նպաստել բանակցային գործընթացին
07/08/2013 14:45

Կարինե Աճեմյան. Ադրբեջանը երբեք չի նպաստել բանակցային գործընթացին

«Ադրբեջանը երբեք չի նպաստել ղարաբաղյան բանակցային գործընթացին` հիմնավորելով իր այդ կեցվածքը նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր գործունեությունը: Կարծում եմ հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները և սադրանքները կապված են նրանց այս վերջին գործողությունների և նրանց այդպիսի տրամաբանության հետ»,-Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին միջադեպերին և այդպիսի սադրանքների ազդեցությանը ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը իր այդ պահվածքով ցույց է տալիս, որ ղարաբաղյան բանակցային գործընթացից ոչ մի ակնկալիքներ չի սպասում:

«Մենք մշտապես համոզված ենք եղել, որ ղարաբաղյան հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ, բանակցությունների միջոցով հարցի լուծումն է»,-նշեց բանախոսը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը մշտապես է խախտում հրադադարի ռեժիմը և վերջին շրջանում ադրբեջանական կողմի այդ սադրիչ գործողությունները միայն շատացել են:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈւ-ի 3 զինծառայող:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական սադրանքներին նշել է, որ հայկական կողմը տվել ու տալու է շեշտակի պատասխաններ:

«Հայկական Զինված ուժերը պատասխան հարված են հասցնելու այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդը չի հրաժարվել իր սադրիչ քաղաքականությունից»,-նշել է Ա.Հովհաննիսյանը:
 

Կարինե Աճեմյան. Ադրբեջանը երբեք չի նպաստել բանակցային գործընթացին