.jpg)
Լիլիթ Մկրտչյան. «Ամուսնուս հետ կորոշենք, ինչպես անցկացնենք հանգիստը»
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ: Լիլիթն այն եզակի շախմատիստուհիներից մեկն էր, ով մրցաշարի ընթացքում այդպես էլ չպարտվեց` 5 հաղթանակ և 6 ոչ-ոքի:
Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց հայ շախմատիստուհին, ինքը գոհ է իր ցուցադրած արդյունքից, թեև հիմնականում պայքարում էր աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար, որին չէր հաջողվել արժանանալ անցած տարի:
- Լիլիթ, շնորհավորում ենք բրոնզե մեդալակիր դառնալու առիթով: Ինչպե՞ս ընթացավ մրցաշարը:
- Շնորհակալ եմ: Նախ նշեմ, որ Եվրոպայի առաջնությանը բավական ուժեղ կազմ էր հավաքվել, քանզի խաղարկվող մեդալներից բացի այստեղ վճռվում էր նաև աշխարհի առաջնության ուղեգրերի հարցը: Առաջին 14 տեղերը գրաված մարզիկներն են ստանում բաղձալի այդ ուղեգրերը: Մրցաշարը կազմակերպված էր բարձր մակարդակով` սկսած հյուրանոցային պայմաններից մինչև բուն մրցումները: Ընթանում էր լարված պայքար` յուրաքանչյուր տեղի ու միավորի համար, և շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ:
- Արդյունքը սպասելի՞ էր:
- Անկեղծ ասած` իմ առջև նպատակ էի դրել հնարավորինս լավ հանդես գալ և հատկապես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, որը չէր հաջողվել նվաճել անցած տարի: Կարողացա ոչ միայն այդ խնդիրը լուծել, այլև մրցանակակիր դառնալ, ինչն իսկապես ուրախալի է: Բնականաբար, գոհ եմ իմ արդյունքից: 11 տուրերի ընթացքում չկրեցի ոչ մի պարտություն` 5 խաղում հաղթանակ տոնեցի և 6 խաղ ավարտեցի ոչ-ոքի հաշվով: Ամեն ինչ վճռվեց վերջին պարտիայում: Մրցակիցս Եվրոպայի գործող չեմպիոնուհի ռուս Վալենտինա Գունինան էր: Խաղի միջնամասում նա բավական լավ դիրք ուներ, սակայն հետագայում հաջողությունը ժպտաց ինձ:
- Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել հանգիստդ:
- Հանգստի ժամանակ այնքան քիչ եմ ունենում: Եկել եմ Սերբիայից և 2 օր անց պետք է մեկնեմ Չինաստան` մասնակցելու ակումբային առաջնությանը: Երբ վերադառնամ, մոտ 1 ամիս հանգստի ժամանակ կունենամ: Ամուսնուս հետ կորոշենք, ինչպես անցկացնել այն: Իսկ հետո սեպտեմբերի վերջերին կմեկնեմ Լեհաստան, որտեղ կմասնակցեմ շրջանային մրցաշարի: Աշնանը մրցաշարերը շատ են, այնպես որ հարկավոր է լավ պատրաստվել և լավ մասնակցություն ունենալ:
Հռիփսիմե Ղազարյան