.jpg)
Թունիսի սահմանադրական ասամբելան դադարեցրել է իր աշխատանքները
Թունիսի ազգային սահմանադրական ասամբելայի խոսնակ Մուստաֆա Բեն Ջաֆարը օգոստոսի 6-ին հայտարարել է, որ օրենսդիր մարմինը դադարեցնում է իր գործունեությունը:
Reuters գործակալությունը, հղում կատարելով Թունիսի լրատվամիջոցներին, հաղորդում է, որ ասամբելան չի աշխատելու այնքան ժամանակ, մինչև բանակցություններ չսկսվեն կառավարության և ընդդիմության միջև, ինչպես նաև չկարգավորվի քաղաքական ճգնաժամը:
Իր հերթին France Presse գործակալությունը փոխանցում է, որ ասամբելայի մոտ մեծ թվով ցուցարարներ են հավաքվել: Ըստ ոստիկանության տվյալների՝ այնտեղ գտնվում է մոտ 40.000 մարդ: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը, որ մեծամասնությունը իսլամիստական «Ալ-Նահդա» կուսակցության ներկայացուցիչներ են: Աշխարհիկ ընդդիմությունը պահանջում է նաև արձակել սահմանադրական ասամբելան, որն այժմ աշխատում է երկրի սահմանադրության վրա:
Թունիսում քաղաքական իրավիճակը վերջին շրջանում ծայրահեղ լարված է՝ կապված ընդդիմադիր գործիչների սպանությունների հետ: Այս անգամ Թունիսիում սկիզբ առած անկարգությունների պատճառը ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդական շարժում» կուսակցության ղեկավար Մոհամեդ Ալ-Բրահիմին սպանությունն է, որը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ողջ երկրով մեկ և ուղեկցվել ոստիկանության հետ բախումներով:
Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ կառավարությունը ժամանակից շուտ վայր չի դնելու իր լիազորությունները, և առաջարկել է 2013 թվականի դեկտեմբերին նոր ընտրությունների անցկացնել: Ընտրությունները տեղի են ունենալու Ազգային սահմանադրական ասամբլեայի աշխատանքներն ավարտվելուն պես՝ այսինքն այն ժամանակ, երբ ամբողջությամբ պատրաստ լինի երկրի նոր Սահմանադրության տեքստը: