Նամակ. ԲՈՒՀ-երի վճարների թանկցումը ծանր կնստի ընտանիքների վրա
08/08/2013 19:38

Նամակ. ԲՈՒՀ-երի վճարների թանկցումը ծանր կնստի ընտանիքների վրա

Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը նամակով դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նամակում ասվում է.

«Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը, մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով, մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել և ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին:

2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետևյալ բուհերում`

• Երևանի պետական համալսարանում,

• Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,

• Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում,

• Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում,

• Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա և անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով:

Նախևառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա: Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար և արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը:

Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարևորագույն ճյուղերից մեկը և ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման և բարգավաճման գործընթացում «մարդկային կապիտալի» կարևորության մասին:

Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը:

Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ»:

Նամակ. ԲՈՒՀ-երի վճարների թանկցումը ծանր կնստի ընտանիքների վրա