.jpg)
Ադրբեջանում լրագրողների դեմ ահաբեկչությունն ընդունված երևույթ է
«Ազատություն» Ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային արդեն երկրորդ անգամ է, ինչ փորձում են խայտառակել, սակայն լրագրողը շարունակում է ընդդիմանալ: Այս անգամ հերթական աղմկահարույց միջադեպին անդրադարձել է հանրահայտ Washington Post լրատվականը, ով Իսմայիլովային անվանել է «Ադրբեջանում գործող սակավաթիվ հետաքննող լրագրողներից մեկը, եթե ոչ միակը»: Ավելին, Freedom House հասարակական կազմակերպությունն իր հետազոտությունում Ադրբեջանին որակել է որպես «ոչ ազատ»:
Դեռ 2012թ. մարտին Իսմայիլովան սկսել էր հետաքննել Ալիևների կլանի կասկածելի ֆինանսական ներդրումները, որից հետո հետևյալ բովանդակությամբ նամակ էր ստացել. «Անառակ, քեզ խելո՛ք պահիր, հակառակ դեպքում կհեղինակազրկվես»: Նամակը ներառում էր նաև մի քանի անձնական բնույթի լուսանկար, որտեղ Իսմայիլովան պատկերված էր սիրեցյալի հետ իր իսկ տանը: Ընդդիմադիր լրագրողը շարունակել էր իր հետաքննությունը և ընդամենը մեկ շաբաթ անց անձնական բնույթի տեսանյութ էր հայտնվել պրո-կառավարական ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիաների հարթակներում:
«Ահաբեկումից հետո իմ ղեկավարությունն ինձ առաջարկեց տեղափոխվել Պրահա, բայց ես հրաժարվեցի: Ադրբեջանի կառավարությունը հենց դա է ուզում: Ես պարտավոր չեմ մնալ, բայց գիտեմ՝ այստեղ իմ կարիքն ունեն»,- ասել է Իսմայիլովան Colors Magazine-ի հետ զրույցում:
Այս տարվա ապրիլին Իսմայիլովայի և իր սիրեցյալի մասնակցությամբ երկրորդ տեսանյութն է հանկարծակիորեն հայտնվել պրո-կառավարական կայքերում: Նոր տեսանյութը իբրև թե ընդգրկում է Ազատություն Ռադիոկայանի մեկ այլ ընդդիմադիր լրագրողի խոսքերը, որոնք, սակայն, կեղծված են: Վերջին օրերին մի խումբ լրագրողներ, մասնավորապես կանայք, հավաքվել են մայրաքաղաք Բաքվում տեսանյութի հրապարակման դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար: Ոմանք ցուցադրել են «Իմ տունը, իմ անկողինը կոռուպցիա չեն» գրառումը կրող պաստառներ: Ակցիայի ընթացքում ձերբակալվել են ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստներ:
Washington Post-ը հիշեցնում է, որ 2008թ. նախագահական ընտրություններում ձայների 87 %-ով հաղթած Իլհամ Ալիևը հավակնում է արդեն երրորդ անգամ զբաղեցնել Ադրբեջանի նախագահի պաշտոնը: Ընտրությունները պլանավորված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին: Լրատվականը նշում է. «Եվրոպական դիտորդներն արտահայտել են իրենց անհանգստությունը, քանի որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»: