.jpg)
Ադրբեջանի տարածքում հայտնված զինվորը զենքով չի եղել
Ադրբեջանի տարածքում միամտաբար հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից է: Հայրը` Գևորգ Ինջիղուլյանն այսօր հանդիպել է Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
«Հիմա նրանց հարազատությունը հավաքվել է իրանց տանը: Տղայի հայրը հանդիպել է Խաչատուրովի հետ, խոստացել են, որ ամեն ինչ կանեն երեխուն հետ բերելու համար: Իրենց ասելով՝ երեխեն գնացել ա ջուր բերելու ու կորցրել ա տեղանքը, սահմանն անցել ա, բռնել-տարել են: Կարևորը, որ զենք չի եղել մոտը»,- փոխանցել է գյուղապետը:
Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրության օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Գյուղապետն ասել է, որ Ինջիղուլյանները Ոսկեվազ են ներգաղթել Պարսկաստանից դեռ 40-ական թվականների կեսերին: Այժմ, ըստ գյուղապետի, Ինջիղուլյանների ընտանիքը «խեղճ ապրող» ընտանիք է` հողագործությամբ են զբաղվում: Հակոբն ունի մեկ փոքրիկ քույր (13 տարեկան) և մեկ եղբայր, որը նրանից ավելի շուտ է ծառայել բանակում: «Շատ խելոք, շատ նորմալ ընտանիք է: Հակոբի մայրն է հիմա թուլացած վիճակում, բայց բոլորս էլ ուժ ենք տալիս ծնողներին: Մեր բոլորի ուշադրության կենտրոնում են հիմա իրանք»,- հավելել է Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Կարմիր խաչը դիմել է Բաքվին Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի հարցով
Հայ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական տարածքում