Կարմիր խաչը դիմել է Բաքվին Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի հարցով
08/08/2013 16:17

Կարմիր խաչը դիմել է Բաքվին Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի հարցով

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը դիմել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակին այս գիշեր Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի հարցով: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից:

Գրասենյակի աշխատակցի խոսքով` իրենք արդեն տեղյակ են պահել Բաքվի գործընկերներին, սակայն վերջիններս զինծառայողի հարցերով կզբաղվեն միայն վաղվանից, քանի որ այսօր Ադրբեջանում ոչ աշխատանքային օր է.

«Այլ բան մենք հիմա չենք կարող ձեռնարկել: Պիտի սպասենք մինչև Բաքվի Կարմիր խաչի գրասենյակից հանդիպեն ռազմագերու հետ: Տեղյակ չենք նաև տղայի վիճակի մասին, ավելին` երբ հանդիպումը տեղի ունենա ու մենք այդ մասով ինֆորմացիա ունենանք, միևնույն է ` չենք կարողանա այն հրապարակել, քանի որ դա այս դեպքում խիստ կոնֆիդենցիալ է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
 

Կարմիր խաչը դիմել է Բաքվին Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի հարցով